▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ժխտողականությունը մոլագարության աստիճանի է հասել

Թուրքիան շարունակում է ջղաձգումներով պատասխանել Եվրախորհրդարանի և Հռոմի պապի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարություններին:

Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կրկին անդրադարձել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը և նշել. «Մեկնաբանություններ են անում մարդիկ կամ կառույցներ, որոնք թեմայի հետ կապ չունեն, սակայն միշտ պատրաստ են շահարկումների: Մենք մեր պատասխանը տվել ենք: Եթե Եվրոպան ցանկանում է ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, ապա «ատելության մթնոլորտ ստեղծող» քայլեր չպետք է անի: «Հազար տարի հայերն ու թուրքերը միասին են ապրել: Մեզ մոտ գետտո չի եղել: Մենք պատրաստ ենք զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները: Մեզ համար անընդունելին «եթե ցավը թուրքերինն է, ապա թող մոռացվի» մոտեցումն է: Ցավերը կիսելուն պատրաստ ենք, բայց գլուխ չենք խոնարհի»:

Նախ Դավութօղլուն փորձում է Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը ներկայացնել որպես քաղաքական շահարկում, այսինքն` կասկածի տակ է դնում Եվրախորհրդարանի կողմից արդար որոշում ընդունելու հանգամանքը: Միաժամանակ ինքն է դիմում շահարկման` ակնարկելով, որ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը ազդելու է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա, և խնդրի էությունը տեղափոխում է հայ-թուրքական հարաբերությունների դաշտ:

Եվ սա դեռ բավական չէ Թուրքիայի «առաձգական» վարչապետը անուղղակիորեն ցեղասպանության մեջ է մեղադրում Եվրոպային, ասելով որ Թուրքիայում գետտո չի եղել, ապա խոսում է «Թուրքիայի ցավերի մասին»:

Առաջին տպավորությամբ թվում է, թե Դավութօղլուն կորցրել է իրականության զգացողությունը, սակայն իրականում գործ ունենք Թուրքիայի վարչապետի չստացված մանևրի հետ, քանի որ շարքային քաղաքացին էլ գիտի, որ Եվրոպայում «գետտո իրականացնող» պետությունը` Գերմանիան ոչ միայն ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, այլև փոխհատուցել:

Ո՞ւմ է ուզում խաբել Թուրքիայի վարչապետը …

Թուրքական բարձրաստիճան անձանց վերջին հայտարարությունները պատասխանները Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին ու կառույցներին վկայում է այն մասին, որ ժխտողականության քաղաքականությունը թուրքական պետության մոտ հասել է մոլագարության աստիճանի: Իսկ ինչպես գիտենք ցանկացած մոլուցք լավ հետևանքների չի բերում:

ՀԳ.Պետք է գիտակցել` արդարության ճանաչման համար այլևս երկընտրանք չկա:

Նարեկ Պողոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին