▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ժառանգը հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում

Ս.թ. ապրիլի 21-ին Հայաստան կայցելի Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ժառանգ` արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին, ով նաև Գերմանիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ է:

 

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով արքայազն Ֆիլիպ Կիրիլը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև ուղերձով հանդես կգա «Կյանքի Խոսք» եկեղեցում կայանալիք  Միջեկեղեցական համաժողովին, որը կրում է «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը: Արքայազն Ֆիլիպը ներում կհայցի իր մեծ պապ Վիլհելմ 2-րդ կայսեր համար, ով, հնարավորություն ունենալով կանխել Օսմանյան Թուրքիայի կողմից Մեծ Եղեռնի իրագործումը, ոչ միայն չի ձեռնարկել կանխիչ գործողություններ, այլև այդ սոսկալի ողբերգությունում ունեցել է իր մեղսակցությունը: 

 

Պատվավոր հյուրի այցը Հայաստան մասնավոր է և չի կրում քաղաքական բնույթ: Այդուհանդերձ, դժվար է թերագնահատել այս իրադարձության նշանակությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդից ներողություն է խնդրելու մի անձ, ով հանդիսանում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից պետության` Գերմանիայի կայսեր ուղիղ ժառանգը:  

Միջեկեղեցական համաժողովը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու շենքում:

Այս մասին հաղորդում են Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի քարտուղարությունից ` նաև    համառոտ տեղեկություններ ներկայացելով  արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացու մասին:

 

 

 

Արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացի` Պրուսական արքայական տան ներկայացուցիչ, Գերմանիայի վերջին կայսր և Պրուսիայի թագավոր Վիլհելմ 2-րդի ծոռնորդի:

Ծնվել է 1968 թվականին, Պրուսական արքայական տան գլուխ Լուի Ֆերդինանդի ավագ որդու` արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմի ընտանիքում:

1994թ.-ին ամուսնացել է Աննա Քրիստինա Սոլթանի հետ: Գերմանիայում նրանց համարում են օրինակելի ընտանիք, ունեն 6 զավակ` երկու որդի և չորս դուստր:  

Չնայած իր պատկանելությանը Հոհենցոլեռների արքայատոհմին` արքայազն Ֆիլիպ Կիրիլն աչքի է ընկել համեստ կենցաղավարությամբ, իսկ մի քանի տարի առաջ որոշում է կայացրել տրվել հոգևոր ծառայությանը. նա Բեռլինի մոտակայքում տեղակայված փոքրիկ քաղաքում Լյութերական-Ավետարանական եկեղեցու ձեռնադրված հովիվ է:

Արքայազն Ֆիլիպը մշտապես հանդես է եկել քրիստոնեական բարոյական արժեհամակարգի պաշտպանությամբ` կարևորելով ընտանիքի, հավատարմության, կյանքի սրբության, հավատքի արժեքները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին