▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը խոստովանեց, որ սպանել է իրեն սեռական հարաբերություն առաջարկած տղամարդուն. pastinfo.am

pastinfo.am-ը գրում է. Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության մեջ մեղադրվող Կարինեի գործով այսօրվա դատական նիստն սկսվեց ամբաստանյալի հայտարարությամբ, որով ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Ամբաստանյալը նշեց, թե իրեն «կորցրել է, տանից դուրս եկել», բայց չհիշեց, թե ինչպես է հարվածել։ «Ես չէի ուզում իրեն խփեի, որ մահանար»,-ասաց նա:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ Կարինեն 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով ոմն Կարենի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:

Կարինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրք 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ ապացույցների հետազոտումն սկսվեց վկաների հարցաքննությամբ։ Նախ հարցաքննության հրավիրվեց վկա Խաչիկ Մարգարյանը,  ում տանը վարձակալական հիմունքներով բնակվել է ամբաստանյալը եւ որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը:

Վկան իր բակում մի քանի սենյակներ վարձակալական հիմունքներով է տրամադրել ինչպես ամբաստանյալ Կարինեին և նրա ամուսնուն, այնպես էլ 2 այլ երիտասարդի, որոնց մոտ երբեմն այցելության է գնացել տուժողը:

Ըստ վկայի՝ դեպքի օրը ժամը 01.00-ի սահմաններում, Կարինեն զանգահարել է իրեն և ասել, որ Կարենն ուզում է իրեն բռնաբարել, ինքն էլ «ոտաբոբիկ, շորտիկով» իջել է տղամարդկանց վարձակալած բնակարանը և անմիջապես տեսել Կարինեին՝ դանակը ձեռքին, իսկ տուժողը եղել է կոշիկներով և տաբատով՝ կրծքավանդակի վրա 2 քերծվածք:

Վկան Կարինեի ձեռքից վերցրել է դանակը եւ նետել այն, ապա՝ շտապօգնություն կանչել, որը ժամանելով, ըստ վկայի, ասել է,  թե տուժողը «սաչոկություն» է անում:

Ի վերջո՝ Կարենին հոսպիտալացրել են, սակայն հաջորդ օրը նա մահացել է:

Վկային հայտնի էր, որ դեպքի օր տուժողը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Նրան հայտնի էր նաև, որ դեպքից որոշ ժամանակ առաջ Կարենը ցանկացել է Կարինեին բռնաբարել. գնացել է աղ խնդրելու, սակայն մտքին այլ բան է եղել:

Հարցին, թե ի՞նչ է եղել տուժողի մտքին՝  վկան պատասխանեց ռուսերենով՝ մեջբերելով հայտնի ֆիլմից մի դրվագ. «Такие вопросы задают, что неудобно отвечать»:

Վկայի բնութագրմամբ՝ կին ամբաստանյալը խելոք, համեստ անձնավորություն է, համենայնդեպս՝ ինքը վատ արարքներ  չի նկատել:

Հաջորդը հարցաքննվեց ամբաստանյալի ամուսինը՝ Ռուբիկը, ով, պարզվեց, աշխատում է Ազգային ժողովում  որպես ավտոլվացող:

Վկան դեպքի մասին տեղեկացել է տանտիրոջից, քանի որ դեպքի օրը աշխատանքի է եղել, սակայն նշեց, որ նախքան աշխատանքի գնալը ձայներ է լսել ու տեսել, որ տուժողն ու իր հարևանը խմում են, ապա դիտողություն արել, որ չաղմկեն ու գնացել աշխատանքի:

Վկան և ամբաստանյալն ապրում են միասին որպես քաղաքացիական ամուսիններ եւ տվյալ տանը՝ մինչ դեպքը բնակվել են շուրջ 1 տարի:

Ամբաստանյալի ամուսինը դատարանում հայտնեց, որ դեպքից ամիսներ առաջ, աշխատանքից վերադառնալով, տեսել է, որ տուժողն իր տանը նստած խմում է, ինչի կապակցությամբ զայրացել է ու ասել. «տանը տղամարդ չկա ի՞նչ գործ ունես մեր տանը, ու՞մ հետ  ես եկել խմելու»:

Հետո կնոջից պարզել է, որ տուժողն իր կնոջը սեռական հարաբերության առաջարկ է արել, ու կնոջ խնդրանքով Կարենին ասել է, որ էլ իրենց տուն չգնա:

Նշենք, որ այսօրվա նիստին տուժողի իրավահաջորդը չէր ներկայացել. վերջինս գրավոր դատարանին տեղեկացրել էր, որ ապրում է Գյումրիում և սոցիալական անապահով պայմաններից ելնելով չի կարող գալ և մասնակցել նիստին՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Տուժողի իրավահաջորդը, գրավոր դիմում նշել է, որ  ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի,  միայն ցանկանում է, որ նրա նկատմամբ արդար պատիժ նշանակվի:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին