▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրս շտապեց դեպի քարայրը, և ո՜վ հրաշք, լսվեց իմ ճիչը

1905 թվականի մայիսի 3-ին Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում  ծնվել է հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը:

«1905-ի մայիսի 3-ին, արևոտ մի օր, մայրս մեզարը ուսած, բանջարի գնաց Առնոսա լանջին: Բայց շուտով լեռը սև թուխպով պատեց։ Միախառնվեցին ամպերի որոտն ու կայծակների զարկերն հրաշեկ: Փչեց սառը քամին, տեղաց հորդ անձրև և աղմկեցին հեղեղներ չորս դին:

Խավարծիլի գափով պաշտպանված մայրս շտապեց դեպի քարայրը մոտիկ։ Հողմախառն անձրևը կարկուտի փոխվեց։ Հենց այդ պահին ծոցվոր մայրիկս իր երկունքն ապրեց: Գալարվեց հոգին երկունքի ցավից մենակության մեջ։ Եվ, ո՜վ հրաշք, լսվեց իմ ճիչը»:

Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ
Եվ ես զգացի հողմերի համբույր:

Ահա, այս բանաստեղծական խոսքերով Հայրիկը նկարագրել է իր աշխարհ գալը: Նա հպարտացել է իր առասպելական, հերոսական ծնունդով:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապել նորելուկ մանկան հետ․ Տատը մանկիկի օրորոցի բարձի տակ պարան է դրել՝ ասելով․ «թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի», հայրը «Նարեկ» է դնում․ «թող գիտուն լինի», Մուրադ պապն էլ դնում է իր դաշույնը և ասում․ «թող ֆիդայի դառնա»:

Հարևան գյուղի ավագ քահանան, որը կրթվել և դաստիարակվել էր Հայրիկ Խրիմյանի բարոյական շնչի ներքո և իր ժամանակի սրբակենցաղ հոգևորականներից մեկն էր, փոքրիկին մկրտում է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ:

«Մի օր ռադիո էի լսում.Հայրիկ Մուրադյանը կատարում էր ազգագրական երգ՝ նվիրված Վարդան զորավարին: Հորս անունը Վարդան էր ու ինձ շատ հետաքրքեց այդ երգը: Որոշեցի ծանոթանալ կատարողի հետ: Գնացի  Հայրիկենց տուն: Նրա ամեն մի խոսքը մշակույթին էր վերաբերում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայրիկ Մուրադյանի մասին՝ պատմեց «Վան» ազգագրական համույթի հիմնադիր Ռոբերտ Դաշտոյանը:

Եվ, եթե Ռոբերտ Դաշտոյանի և Հայրիկի առաջին ծանոթությունը ռադիոյի միջոցով էր, ապա «Վան» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանի դեպքում մեծ դեր է խաղացել տան փոքրիկ հեռուստացույցը.

 «Ես փոքր էի, պապս էր լսում նրա երգերը: Ասում էր՝ լաո, ճերմակ գլխով մարդ կերգե»,-հիշեց Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ վաղը ժամը 10:30-ին Սասունցի Դավթի արձանի մոտից համույթի անդամները և բոլոր ցանկացողները կմեկնեն Նուբարաշեն՝ Հայրիկի գերեզմանին ծաղիկներ դնելու, իսկ ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կլինի համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին: Մուտքն ազատ է:

                                                                                            Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին