▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդներն ուղղորդիչ կերպարների կարիք ունեն

Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդներն ուղղորդիչ կերպարների կարիք ունեն: Սովորաբար այդ կերպարներին անվանում են հերոսներ կամ իդեալներ:

Ինչպիսին հասարակության հերոսներն են, այդպիսին էլ հասարակությունն է. սա դարերով ստուգված ճշմարտություն է: Դա այդպես է, քանի որ ցանկացած հասարակություն ապրում է նմանակման սկզբունքով, և հենց հերոսներն ու իդեալներն են այն կերպարները, որոնց հասարակությունը նմանակում է:
Այսօր Հայաստանում շատ է նմանակվում, ենթադրենք, գողականի կամ լավ տղայի կերպարը: Բայց դա հասարակության ընդամենը մի փոքր հատվածի կողմից: Իսկ մյուսնե՞րը... Ունե՞ն մյուսները կերպարներ, որոնց կուզենային նմանակել:
Որովհետև մարդիկ այսպես թե այնպես ինչ-որ մեկին նմանակում են: Երբ ուսանողը փորձում է համոզել դասախոսին դրական գնահատական ստանալու հարցում, ենթադրում եմ, որ նա նմանակում է իր ծանոթներից մեկին, ով ժամանակին կարողացել է իր դասախոսներից մեկին համոզել, պատմել է դրա և դրա ձևերի մասին, և հիմա էլ այս ուսանողն է դա անում, բայց իրականում ընդամենը նմանակում է:
Երբ դպրոցում աշակերտն արտագրում է և չի պատժվում, ապա շատերն ուշ թե շուտ նմանակելու են նրան, ավելի շուտ՝ ոչ թե ուշ, այլ շուտ:
Երբ մեկը փողոցում մի տեղ աղբ է գցում, մյուսներն էլ են սկսում հենց այդտեղ՝ աղբի վրա, աղբ թողնել և այլևս իրենց մեղավոր չեն զգում փողոցն աղտոտելու մեջ, քանի որ այդ հատվածն արդեն աղտոտված էր:
Երբ հայրը բարկանում է երեխայի վրա, հիմնականում՝ անտեղի, ապա, բնականաբար, նմանակում է իր կյանքում տեսած ինչ-որ հայրերի նման իրավիճակում:

Նմանակելը մարդու և հասարակության կենսակերպն է, ամբողջ հարցն այն է, թե ում են նմանակում մարդիկ, ովքեր են այն կերպարները, որոնք ուղորդում են մարդկանց գործողությունները:

Հայաստանում նման կերպարներ կան, սակայն իրականում ոչ հանրային, հետևաբար՝ քիչ հայտնի: Նրանցից շատերը չեն էլ ուզում դառնալ հանրային կերպարներ:
Բայց հանրային կերպարը մի շատ կարևոր գործ է անում. նա մարդկանց այլընտրանքային մտածողության և այլ կերպ գործելու օրինակ է ցույց տալիս: Մարդիկ դժվարությամբ են առաջինը քայլ անում ցանկացած հարցում, բայց եթե տեսնում են, որ մեկն անում է, ապա իրենք արդեն ավելի հեշտ են անում: Այդպես մեր երկրում տարածվեց կաշառակերությունը, թեպետ բոլորն էլ գիտեն, որ պետությունը քանդող երևույթ է, բայց շատերը տալիս են կաշառք և վերցնում են, որովհետև գիտեն շատերին, ովքեր տալիս են և վերցնում են: Ուրիշի կողմից արդեն արված գործողությունը լեգիտիմացնում է, ընդունելի է դարձնում քո կողմից այդ նույն գործողության կատարումը: Սա է նմանակման մեխանիզմը, և մարդիկ նմանակում են ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպարների: Որովհետև պետք է ինչ-որ մեկին նմանակեն:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին