▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ենք եկեղեցում մոմ վառում


Այս գեղեցիկ սովորույթը սերում է առաջին քրիստոնյաներից, որոնք մոմերով լուսավորում էին իրենց ստորգետնյա բնակավայրերը:  

Եվ քանի որ նրանց կյանքը հարատև աղոթք էր, մշտավառ մոմերը նրանց աստվածպաշտության անբաժան մասն էին կազմում, մանավանդ որ 
լուսավորում էին բնակավայրերի պատերին նկարված սրբապատկերները:
Աստծու տաճարում վառվող մոմի լույսը խորհրդանշում է քրիստոնյայի հավատը նյութականացված ձևով: Ինչպես մոմն այրվելով լուսավորում է շրջապատը, 
այնպես էլ քրիստոնյան, առաջնորդվելով Հիսուսի պատգամով՝ «Դուք եք 
աշխարհի լույսը» ձգտում է ճշմարիտ, քրիստոնեավայել կյանք ապրելով 
լուսավորել իր շրջապատը:

Երբ Եկեղեցին դուրս եկավ ընդհատակից, նրա հետ, իբրև աստվածպաշտության մասնիկ, ջահերով ու կանթեղներով լուսավորված տաճարները մուտք գործեց նաև մոմը՝ դառնալով քրիստոնյայի լուսավոր հավատի, ջերմ սիրո և աղոթքի խորհրդանիշը:
Մոմը դարձավ հավատացյալի մշտական նվիրատվության առարկան՝ ոչ միայն նպաստելով եկեղեցու նյութական բարեկարգությանը, այլև այնտեղ ստեղծելով խորհրդավոր և տպավորիչ տեսարան. սրբապատկերների առջև վառվող բազմաթիվ մոմերը կարծես Աստծո առջև կանգնած հավատացյալների հոգիները լինեն, որոնք վառվում են աստվածային սիրով՝ մոմի բոցի պես միշտ դեպի վեր ձգտելով լուսավոր խորհուրդներով:

Մոմավառությունը թեև հավատքից բխող քայլ է, սակայն եթե քրիստոնյան 
եկեղեցում մոմ վառի, բայց աղոթք չանի, ապա այն նույնն է, ինչ խունկն առանց 
հոտի և աղն առանց համի: Ուստի չբավարարվենք միայն մոմ վառելով, այլ մասնակցենք առավել կարևոր` Սուրբ Պատարագի, առավոտյան և երեկոյան ժամերգությունների: Ձեռք բերենք նվազագույն գիտելիք մեր եկեղեցու յոթ խորհուրդների, հինգ տաղավար տոների, տերունական, խաչի, Աստվածածնի տոների մասին: Իսկ մասնակցել որևէ խորհրդի` չիմանալով իմաստը, հարիր չէ քրիստոնյային:

Հատկապես մեր ժամանակներում, երբ ինտերնետը հեղեղված է հոգևոր թեմաներով 
և ամենակարևորը չկա ոչ մի բռնություն կամ հալածանք, ինչպես առաջին քրիստոնյաներին: Սովորենք, որովհետև չիմացությունը մեզ հետ է պահում
մեր նախապատրաստվելուն` դեպի հավիտենականություն:

Ծովիկ Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին