▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստծո խաթեր, նամակ գրեք

ԳԱԱ-ում շարունակվում է միջազգային գիտաժողով, նվիրված Վանի հերոսամարտի 100-ամյակին և Վան քաղաքի առաջին հիշատակության 2870-ամյակին:  ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի  բանասիրական գիտ. դոկտոր Սուսաննա Հովհաննիսյան  զեկույցը Վանի վերջին հայ պարետի մասին էր:

«Առաջին աշխարհամարտի տարիներին Արևմտյան Հայաստանում էին Հովհ.Թումանյանի 4 որդիներից 3-ը: Վանում Արտավազդն էր, ով դարձավ Վանի վերջին պարետը՝ նահատակվելով 1918 թվականին՝ 24–ամյակը չբոլորած: Նա էր, որ պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է աշխատել Միջազգային Կարմիր Խաչի Համառուսական քաղաքների միության կովկասյան կոմիտեում: Հիմնական գործը ծանր վիճակում գտնվող գաղթականներին օգնություն ցուցաբերելն էր»,-ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:

Արտավազդ Թումանյանը պատմաբան Ն. Ադոնցի և հնագետ Ա. Քալանթարի հետ Վանում մասնակցել է մեր պատմական կոթողների ուսումնասիրման և չափագրման աշխատանքներին, կտավին հանձնել Վանի բերդերը, հայկական հուշարձաններն ու բնաշխարհը, թարգմանել է եվրոպական և ռուս հեղինակների գործերից: Ժամանակակիցներին հայտնի էր որպես տաղանդավոր գեղանկարիչ, ով միայն մեկ անգամ հասցրեց մրցանակ շահել, և, Սարյանն ասել է՝ եթե ապրեր՝ մեծ նկարիչ կդառնար:

Հետաքրքիր է, որ այդ թոհուբոհի մեջ Արտիկը (այդպես են նրան անվանել մտերիմները) չէր մոռանում արվեստի մասին: Իր նամակներում, որոնք պատմում են Թումանյանի ընտանիքի գործունեության, գաղթականների վիճակի մասին, հաճախ է ներկեր խնդրել:  Վանում եղած ժամանակ Արտավազդը հասցրել է ուսումնասիրել նաև Աղթամարի վանքում հայկական ձեռագրերն ու  հայտնաբերել  միջնադարյան քերթողներից մեկի` Գրիգորիս Գեղեցիկի տաղերը, որոնք արտագրել և ուղարկել է Հովհաննես Թումանյանին` մի թանկ մասունք ևս փրկելով կորստից: 

«Նա լավ էր սերտել հոգևորը նյութականից բարձր դասելու թումանյանական պատգամը»,-նկատեց Ս.Հովհաննիսյանը:

 1918 թվականի սկզբին նա արդեն հայտնվում է թշնամու օղակի մեջ:

Հովհ.Թումանյանին ուղղված իր նամակում նա գրել է. «Շատ վատ վիճակում ենք:  Հայրի՛կ ջան, Աստծո խաթեր, նամակ գրեք»: Իսկ  1918 թվականի մարտին գրում է կյանքի վերջին նամակը, որից հետո ոչ ոք նրա մասին լուր չի ստանում: Նամակում նա գրում է՝

«Շուտով ամեն ինչ կվերջանա, Աստծո խաթեր, ինձ նամակ գրեք»:

Ամենայն հայոց բանաստեղծի 4-րդ զավակը դարձավ Վանի վերջին հայ պարետը: Նրա մահը վերջնականապես կոտրում է  բանաստեղծի սիրտը և արագացնում նրա մահը:

Արտավազդ Թումանյանը ծնվել է 1894 թվականին՝  Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, պիեսներ: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: 

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին