▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը հեծանիվ է պատրաստում, որդին՝ ռեկորդներ սահմանում

Միակնանի հեծանիվ վարող, Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ  Մուշեղ Խաչատրյանը  կրկին Գինեսի ռեկորդակիր է:

Այս անգամ նա 6 մետր բարձրությամբ 83 միլիմետր տրամագիծ ունեցող միակնանի հեծանիվով անցավ 11.50 մետր տարածություն:

Իսկ, թե ինչո՞ւ միակնանի հեծանիվ՝ Մուշեղը պատասխանեց.

«Կրկեսային ստուդիայում որոշեցի փորձել միակնանի հեծանիվ վարել, և, արդյունքում շատ հավանեցի ու ցանկություն առաջացավ  բարդ համարներ պատրաստել»:

Հարցին, թե ի՞նչ  է տալիս Գինեսի ռեկորդների գրքում գրանցված լինելը, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտը ասաց.

«Կարելի է ասել ոչինչ՝ բացի սերտիֆիկատից: Կարևորն այն է, որ ռեկորդակրի անունն ու երկիրը հայտնվում են այս կարևոր գրքում: Հաճելի է, որ նույնիսկ անծանոթները, երբ իմանում են, որ Գինեսի ռեկորդակիր եմ՝ հիանում ու հպարտանում են»:

Մուշեղը մեզ հետ զրույցում նշեց, որ այս հեծանիվը կրկին իր հայրիկն է պատրաստել, իսկ, թե ինչ ռեկորդ է պլանավորում կատարել հաջորդ անգամ՝ չցանկացավ բարձրաձայնել՝ փոխարենը վստահեցնելով, որ հետաքրքիր է լինելու:

Նշենք, որ նախկին ռեկորդը սահմանելիս Մուշեղը 3,08 մետրանոց հեծանիվով 25 մետր տարածություն էր անցել:

                                                                                                  Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին