▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ինչո՞վ ենք լավը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, 31-ին, հունիսի 9-ին և 10-ին կլինի «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացումը, որտեղ հանդիպում են Գրիգոր Նարեկացին, Թորոս Ռոսլինն ու Արշիլ Գորկին: Հնչում են 4-րդ դարից մինչև 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները. Մաշտոցի շարականներից, Նարեկացու տաղերից, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալան Հովհաննեսի, Աշոտ Արիյանի, Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից: 

Սցենարի և բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է.

«Տարիներ առաջ ինձ մոտ ծնվել էր այդ գաղափարը՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» թեմաներով բալետ բեմադրելը: Հետո հասկացա, որ իմ ուզելը շատ քիչ է, գիտելիք է անհրաժեշտ  Նարեկացին ինձ ստիպեց, որ  փնտրեմ, գտնեմ ու շատ բան սովորեմ: Եվ այդպես՝ 20 տարի: Այս բալետի համար 3 լիբրետտո եմ տվել:  Նարեկացին հայ ազգի կապն է Աստծո հետ: Նա կարողացել է ընդլայնել մեր հոգևոր սահմանները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուդոլֆ Խառատյանը:

Խառատյանի փոխանցմամբ՝  9 ամսով Հայաստան են հրավիրվել 8 արիտիստներ՝ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից.

«Քանի որ բալետային արվեստը համամարդկային ձև է՝ ոչ ֆրանսիական է, ոչ ռուսական, և կարող է փոխանցել ազգերի ոգին, ուստի, դրա համար դրսից պարողների հրավիրեցինք, որոնք կլինեն մեր դեսպանները, որպեսզի  անընդհատ չնշենք, որ մենք լավն ենք, բայց ինչո՞վ ենք լավը: Պետք է թողնենք, որ բոլորը ճանաչեն մեր արժեքները»,-նշեց Ռուդոլֆ Խառատյանը:

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին