▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամահավաքը ո՞րն է, ծնողների կամքին հո չե՞նք բռնանա

Այն, որ բոլոր դպրոցներում ավարտական դասարաններում անխտիր գումար է հավաքվում, դա այնքան ակնհայտ փաստ է, որքան մածունի սպիտակ լինելը: Սա հերքելը կամ չնկատելը ամենաքիչը միամտություն է: Էդ ո՞ր մի ավարտական դասարան միջոցառում չի կազմակերպում և ուսուցիչներին ու տնօրենին նվեր չի հանձնում: Եթե կա նման բան, ապա այդ դպրոցը կարելի է գրանցել Գինեսի գրքում, որպես հայկական մոլորակից դուրս գտնվող դպրոց: Վերոնշյալներս ստուգելու կամ ապացուցելու համար ամենևին էլ զիզի բիզի հանձնաժողովներ ու անիմաստ թեժ գծեր ստեղծելու կարիք չկա:

Կարելի է ուղղակի ավարտական դասարանում սովորող որևէ աշակերտի հարցնել, թե սեպտեմբերից մինչ օրս որքան գումար է վճարել ընդհանուր միջոցառումների, քեֆի, նվերների, քննական հյուրասիրության և այլնի համար:Սրանք դեռ միայն հավելյալ վճարումներն են, շատ դպրոցներում նաև պարտադիր դրամահավաքներ են լինում նույնատիպ զգեստների և նմանատիպ այլ ատրիբուտիկայի համար: Սա էլ է անհերքելի, քանի որ, հերիք է դիտել վերջին զանգի միջոցառումների նկարահանումները, և պարզ կդառնա, որ աշակերտների զգեստները գնվել են հենց այդ միջոցառման համար: Ի տարբերություն այլ ծախսերի, սրանք գոնե արդարացվում են նրանով, որ հետագայում նույն զգեստը աշակերտը կկարողանա կրել:

Տարիներ շարունակ պատկան կոչվող մարմինները այդպես էլ չկարողացան ոլորտը կարգավորել: Ի հակառակ դրան, ստեղծեցին միայն պայմաններ, որպեսզի համատարած դրամահավաքի տեղեկատվությունը մնա դպրոցի պատերի ներսում: Ակնհայտ է, որ որևէ աշակերտ չի ցանկանում պրոբլեմներ ունենալ ուսման վերջնամասում և բացահայտ չի տրամադրի տեղեկություն, իսկ տնօրենի ազնիվ խոսքը բավարար է պատկան մարմինների համար, որ խնդիրը համարեն փակված, կամ էլ տարին մեկ կամ երկու դպրոցի տնօրենների նկատողություն տան' պլանը կատարելու նպատակով:

Ավելի խելացի տնօրենները և այդ նույն պատկան մարմինների ներկայացուցիչները վերջին շրջանում ավելի հետաքրքիր պարզաբանում կարողացան հորինել' դրանով կարծես թե վերջնականապես փակելով թեման: «Դպրոցներում որևէ գումար չի հավաքվում: Իսկ այն, ինչ հավաքում են աշակերտները, դա նրանց ծնողների ազատ կամքի դրսևորումն է, որի դեմ ուսուցիչները ոչինչ չեն կարող անել: Ծնողները ցանկանում են լավ օբյեկտներում ավարտական միջոցառումները կազմակերպեն և ուսուցիչներին ու տնօրեններին ճոխ նվերներ հանձնեն: Մենք հո չե՞նք կարող բռնանալ նրանց ազատ կամքի դրսևորման վրա»: Վերջացավ, ամեն ինչ պարզ է ու հասկանալի,,,

Մեծ հաշվով ակնհայտ է, որ առանց ավարտական հանդիսության ու ճաշկերույթի անհնար է պատկերացնել վերջին զանգը, ակնհայտ է նաև, որ մի «փոքրիկ հուշ-նվերն» էլ լրիվ տեղավորվում է ընդհանուր տրամաբանության մեջ, բայց ամենատհաճը (հենց այստեղ է թաքնված դրմահավաք կոչվածի մեխը) այն է, որ շատ հաճախ այդ «փոքրիկ հուշ նվերը»' դասղեկներին ու տնօրեններին լինում է չափազանց թանկարժեք իրի կամ բավականին խոշոր գումարի տեսքով:

 

Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին