▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյանի ամնեզիան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱԺ պատգամավոր և ՀՀ պատմության մեջ ամենատխրահռչակ վարչապետ Խոսրով Հարությունյանը խիստ զայրացրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Մելիքիչը հայտարարել է, որ ՀՀՇ իշխանության տարիներին որևէ բան չի կառուցվել Հայաստանում, մոռացության է տրվել աղետի գոտին: Եվ ահա Հրանտ Բագրատյանը, որը մոտ վեց տարի ղեկավարել է երկր կառավարությունը, փաստեր է հրապարակել՝ այսպես ձգտելով ապացուցել, որ շատ բան է արվել:

Այս թվարկումների մեջ մեր ուշադրությունը գրավեց հետևյալ հատվածը. ,,… 165 հազար քմ-ն կառուցվել է Գյումրիում, այսինքն՝ 120 հատ 5 հարկանի շենք: Համարյա թե ավարտել ենք Մուշ թաղամասը: Գյումրիում այդ ընթացքում հիմքից կառուցվել են նոր գործարաններ՝ Գյումրիի անալիտիկ սարքերի գործարանը, Էլեկտրասարքաշինական գործարանը, Գյումրիի տեքստիլի մի մասը՝ գուլպա-նասկեղենի հատվածը, Գարեջրի-Ածիկի գործարանը: Կառուցվել է նաեւ «Իմպուլսը» Դիլիջանում, Սպիտակի կարի ֆաբրիկան, Կրասար-Գյումրի ջրատարը, Գյումրիում բաղնիք է կառուցվել: Գյումրիում կառուցված են եղել տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ: Կառուցվել է Մայիսյան կաթսայատունը: Իսկ ես անձամբ Գյումրիին, որպես վարչապետ, նվիրել եմ 1 դպրոց՝ այսօրվա ֆրանսիական դպրոցը:

Բացի այդ դպրոցից, տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ եմ կառուցել»: Հաստատ, Հրանտ Բագրատյանը, որը գյումրեցիներին համոզում էր, թե հինգ հազար դրամով կարելի է մեկ ամիս շատ լավ ապրել, կորցրել է իրատեսությունը, սկսել է խառնել փաստերը:

Սկսենք ֆրանսիական դպրոցից: Այս դպրոցի կառուցման հետ Հրանտ Բագրատյանն այնքան առնչություն ունի, որքան որ նա երկրի վարչապետն էր և պետք է իրազեկ լիներ, թե ինչ է կատարվում Գյումրիում: Դպրոցը կառուցվել է ֆրանսիական հայկական կազմակերպությունների, Գյումրու ֆրանսիական դպրոցի տնօրեն Մարտին Փաշայանի ջանքերով, փոխադարձ պայմանավորվածություններով: Գյումրուց պատվիրակություն է մեկնել Ֆրանսիա, պատվիրակության կազմում էին քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Հունան Մազմանյանը, կրթության բաժնի վարիչ Հասմիկ Եղիազարյանը և դպրոցի տնօրեն Մարտին Փաշայանը, նրանք են վարել բանակցություններ, նրանք են հասել պայմանավորվածությունների: Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հրանտ Բագրատյանը: Ստում է Հրանտ Բագրատյանը՝ ասելով, թե Գյումրիում տասնյակ դպրոցներ են կառուցվել: Կառուցվել են թիվ 11, 41 դպրոցները:

Վ. Թեքեյանի անվան դպրոցը կառուցվել է Հանթսմանի հիմնադրամի միջոցներով, ,,Հանթսման,, թաղամասում: Ընդորում, շահագործվել է Հրանտ Բագրատյանի պաշտոնանկությունից հետո: Մայիսյանի կաթսայատան շինարարական աշխատանքները սկսվել են 1989 թվականին, երբ ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահը Վլ. Մարգարյանցն էր: Գուլպա-նասկեղենը որևէ աղերս չունի Տեքստիլի հետ, այն միշտ եղել է ինքնուրույն արտադրական միավորում, իսկ Բագրատյանի պաշտոնավարման շրջանում դադարեցրել է իր գործունեությունը: Բարեբախտաբար, վերջերս լույս է տեսել այդ ձեռնարկության նախկին տնօրեն, ՀՀ ԳԽ պատգամավոր Սամվել տոնոյանի գիրքը, որտեղ մանրամասնորեն ներկայացված են ձեռնարկության հետ կապված տխուր պատմությունները: Էլեկտրասարքաշինական գործարանը չի վերականգնվել, իսկ անալիտիկ սարքերի գործարանը վերականգնվել է մասնակիորեն:

Ի՞նչ 120 շենքի մասին է խոսում Հրանտ Բագրատյանը, այն էլ՝ Մուշ թաղամասում, երբ այս թաղամասում հիմքեր են փորվել, անավարտ են մնացել մոտ երեք տասնյակ շենք, որոնց շինարարական աշխատանքները սկսվել էին 1989-ին և դադարեցվել այն բանից հետո, երբ վարչապետ Վազգեն Մանուկյանի հրահանգով Գյումրուց հեռացվեցին եկվոր շինարարները… Հրանտ Բագրատյանի միակ կարևորը ձեռքբերումը Գյումրիում մանկավարժական ինստիտուտի նոր շենքն էր, որը կառուցվել էր որպես Թեքեյանի անվան դպրոց, սակայն Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի պարտադրանքով հանձնվեց մանկավարժական ինստիտուտին: Հիշեցնեմ Հրանտ Բագրատյանին խոսակցությունը, որին ներկա եմ եղել նաև ես: Վարչապետն այցելել էր Գյումրի՝ ծանոթանալու մանկավարժականի շենքին: Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Բագրատյանին, ասաց. «Հրանտիկ, որոշեցինք, որ այս շենքն ինստիտուտին հանձնելը միանգամայն ճիշտ էր: Անի թաղամասը այսպես կկապվի հին քաղաքի հետ» :

Խոսակցությանը ներկա էին Անդրանիկ Քոչարյանի տեղակալ Անդրանիկ Արշակյանը, մանկավարժականի ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Սամվել Սարգսյանը, տարածաշրջանի ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանը, այլք… Հրանտ Բագրատյանի վարչապետության շրջանում Գյումրիում կառուցվել է մեկ՝  «Սամարիթեր»  հիվանդանոցը, ոչ թե՝ տասնյակ… Գյումրի-Կրասար ջրատարի վրա ծախսվել է 900 հազար դոլարից ավելի գումար, սակայն տևական ժամանակ այդ ջրատարը չի գործել, իսկ գարեջրի-ածիկի գործարանի վերականգնումը սկսվել է 1990-ին: Այս ընթացքում Բագրատյանը դեռևս հույսեր չուներ վարչապետի պաշտոնում հայտնվելու: Հրանտ Բագրատյանի վարչապետության շրջանում Գյումրիում դադարեցրել են իրենց գործունեությունը Բամբակագործվածքային արտադրական միավորման՝ Տեքստիլի, տակավին գործող արտադրամասերը, գորգագործական ֆաբրիկան, մսի-պահածոների կոմբինատը…

Պետք չէ «փոթորիկ» սարքել, չէ՞ որ դեռ մեր հիշողությունը չի մեռել…

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին