▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս շաբաթ Բաղրամյանում չկա նախկին ոգին

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ սկսված բողոքի գործողությունը, որը շարունակվում է մինչ օրս Բաղրամյան պողոտայի մի հատվածում, ցույց տվեց, որ բացի անընդհատ գովազդվող նոմենկլատուրային երիտասարդությունից կա երիտասարդության մեկ այլ հատված, որ ազատ է, զուրկ որևէ գաղափարական կամ այլ կապանքներից, նրա մոտեցումները, մտահոգությունները և դրանց առարկայացումը, նաև պայքարը միտված է հայրենիքի և հայ ժողովրդի անվտանգությանն ու բարեկեցությանը:
Հայաստանի ցանկացած մասում, հասարակության յուրաքանչյուր շերտում, անգամ իշխանության շրջանում հազիվ թե գտնվեր որևէ մեկը, որ գոնե ծածուկ հարգանք, հպարտություն, երախտիք, անգամ հավատ չտածեր նրանց հանդեպ, գոհունակություն չապրեր նրանց կազմակերպած ակցիայի գեղեցկությամբ, հայրենասիրությամբ, պահանջատիրությամբ:
Այն մթնոլորտը, որ տիրում էր Բաղրամյան պողոտայում ակցիայի առաջին շաբաթվա ընթացքում, ասես լցրել էր ողջ պողոտան հայրենասիրության, հայկականության, պահանջատիրութան, սիրո, հավատի, փոխադարձ հարգանքի ոգով. Բաղրամյանն այդ օրերին մագնիսի ձգողությամբ 24 ժամ շարունակ դեպի իրեն էր քաշում մարդկանց, անկախ տարիքից, գործունեության ոլորտից, գաղափարական համոզմունքներից: Բաղրամյանում հավաքվածներից յուրաքանչյուրս իրեն ակցիայի տերն էր համարում, դրանով էր նաև այն տարբերվում…
Մինչդեռ արդեն այս շաբաթվա ընթացքում Բաղրամյանում կարծես ինչ-որ բան այն չէ, չկա նախկին ոգին, փոխվել է մթնոլորտը, բացակայում է նախկին ձգողականությունը, մնացել է միայն ձևն, այն էլ՝ տրամագծորեն խեղաթյուրված, առանց բովանդակության: Չկա բովանդակություն, քանի որ ակցիայի ուղղած պահանջներին հնչած պատասխանից գոնե առժամանակ բավարարվելով՝ դրա մասնակիցները մեծամասամբ լքել են պողոտան, լքել են՝ նաև չցանկանալով ստվերել այն ակցիայի բովանդակությունը, գեղեցկությունը, որի տերերն էին իրենք: 
Իսկ Բաղրամյանում մնացել են... դժվար է ասել, ովքեր են մնացել Բաղրամյանում: Առնվազն օրվա 18 ժամը պողոտայում ցուցադրվող ուղիղ եթերից երևում են աղբամանները (նաև լրագրողներն են անգործության պատճառով հեռացել Բաղրամյանից), իսկ օրվա մնացած հատվածը՝ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են աղբամանների առկայությունը՝ բացառապես սեփական շահերին համապատասխան…

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին