▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ մարդիկ գիշերը որոշում են կայացրել սրել իրավիճակը, բարիկադներն առաջ տալ, չօգտագործվեք

Բաղրամյան պողոտայից աղբամանները հեռացնելու թեմայով ոստիկանություն- ցուցարարներ երկխոսությունը շարունակվում է:

«Ոստիկանությունը կարող է  այնպես պրոֆեսիոնալ աղբամանները ապամոնտաժել, ու ցուցարարներին հեռացնել մայթերը,  որ որևէ մեկի մազն էլ անգամ չծռվի, բայց մենք չենք ուզում լարվածություն, ուզում ենք ինքներդ աղբամանները հեռացնեք ու ճանապարհը բացեք»,-ասում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Օսիպյանին ի պատասխան ցուցարարներն ասում էին, որ  Բաղրամյան պողոտան փակել են ոչ թե իրենք, ինչպես հայտարարում է ոստիկանությունը, այլ հենց ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ցուցարարներին մոտեցավ և տեղեկացրեց, որ իրենք տիրապետում են տեղեկատվության, թե երեկ գիշեր Բաղրամյան պողոտային շատ մոտ վայրում, որոշ անձինք, ովքեր իրենց համարում են կազմակերպիչներ, հանդիպել են ու որոշում կայացրել, որ այլևս այսպես շարունակել չի լինի:

«Որոշում են կայացրել վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել ոստիկանների նկատմամբ, սրել իրավիճակը, փակել փողոցներ, բարիկադներն ավելի մոտեցնել ոստիկաններին»,-նշեց Ահարոնյանը:

Կոնկրետ անուններ չտալով Աշոտ Ահարոնյանը նշեց, որ շատ կարճ ժամանակ անց ցուցարարները նման առաջարկներ կլսեն և խորհուրդ տվեց ուշադիր լինել և սադրանքների չտրվել:

«Նրանց կողմից ամեն ինչ արվելու է, որ շարունակությունը գնա իրենց ուզած սցենարով: Թույլ չտաք, որ այդ մարդիկ ցուցարարներին օգտագործեն ի շահ իրենց»,-խորհուրդ տվեց նա:

Նա ավելացրեց նաև, որ որոշվել է՝ մի քանի անձինք պիտի շարժումը ղեկավարեն, սպասում են հրահանգների, բայց առաջարկելու են բարիկադները մոտեցնել ոստիկաններին, իրենց դուր չի գալիս, որ ոստիկանությունն իր ծառայությունը պասիվ է իրականացնում, ինչը հանգեցնում է շարժման մարման: 

Ցուցարարները շնորհակալություն հայտնեցին տեղեկության համար և պատասխանեցին. «Կապրենք, կտեսնենք»:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձություններին ուղիղ եթերով կարող եք հետևել 1in.am-ի հեռարձակմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին