▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ElectricYerevan-ը չի կարելի ցրել ուժով

#ElectricYerevan բողոքը վկայում է, որ նախկին խորհրդային տարածքի մյուս երկրների համեմատ՝ Հայաստանում գոյություն ունի որոշակի բազմակարծություն, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասաց Ռազմավարական եւ Միջազգային Հետազոտությունների Կենտրոնի (CSIS) Ռուսաստանի եւ Եվրասիայի Ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆը: Վերլուծաբանի խոսքով՝ եթե չլինի իրավիճակի ծայրաստիճան լարում, եթե էլեկտրականության գների վերաբերյալ նախագահ Սարգսյանի խոստումները իրականանան եւ ցուցարարների դեմ ճնշումներ չգործադրվեն, մի քանի շաբաթվա ընթացքում բողոքը կհանդարտվի.

«Եթե փորձ արվի կտրուկ լարել իրավիճակը, բողոքի մասնակիցների վրա ճնշման փորձ արվի, գործընթացի արմատականացում կարող է տեղի ունենալ. կավելանա փողոց դուրս եկող մարդկանց թիվը եւ Հայաստանն իրական լայնածավալ քաղաքական ճգնաժամում կհայտնվի»:

Հիշեցնենք, որ ցուցարարների խաղաղ գործելաոճը եւ իշխանությունների խելամիտ մոտեցումները ողջունել էր Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների Խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքով, երկու կողմն էլ, թե՛ կառավարությունը եւ թե՛ ցուցարարները, խնդրի կարգավորմանը մոտենում են լուրջ եւ փորձում են սառը գլխով իրավիճակի լուծումներ գտնել.

«Ողջունելի է, որ բողոքները հիմնականում խաղաղ են ընթացել եւ ապահովվել է քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը»:

Ջեֆրի Մանքոֆը ավելացրեց, որ բողոքներում սոցիալական ցանցերի դերի ավելացումը կապված է առաջին հերթին նոր սերնդի ասպարեզ դուրս գալու հետ.

«Հայաստանում, ինչպես նաեւ շատ այլ տեղերում, սերունդ է գալիս, որն անհամեմատ ավելի լավ է իրեն զգում առցանց տարածքում, սոցիալական ցանցերում»:

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանն ընդգծում է, որ սոցիալական ցանցերն ընդամենը որոշ սերնդի ներկայացուցիչների ինքնակազմակերպման միջոց են, մինչդեռ բողոքի բուն պատճառները կապված են թերի կառավարման եւ կոռուպցիայի հետ.

«Այդ պատճառները չեն վերացել ու թեեւ գների թանկացումն առաջ բերեց բողոքի կայծը, հրդեհի համար բավականաչափ վառելիք դեռեւս մնում է»:

Այս պայմաններում, ընդգծում է վերլուծաբանը, իշխանություններին առավել կարեւոր է դրսեւորել նուրբ գործելաոճ եւ զերծ մնալ որեւէ բռնության գործադրումից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին