▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են ստուգումները մայրաքաղաքի վերելակային տնտեսության շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ այս հարցում ակնկալում է համակողմանի խիստ ստուգումների անցկացում և թերացողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլերի ձեռնարկում: 

«Ակնկալում եմ համակողմանի ստուգումների անցկացում, որի արդյունքում թե՛ մեզ ու թե՛ հանրության համար պետք է ակնհայտ լինի, թե համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարներն ինչպիսի արդյունավետությամբ են տնօրինվել: Ընդ որում, սա պետք է լինի ոչ թե մեկանգամյա ստուգում, այլ պետք է դառնա աշխատակարգ ու այսուհետ յուրաքանչյուր ամիս ներկայացվեն կատարված աշխատանքների մասով համապատասխան հաշվետվությունները, որոնց համապատասխանությունը ևս պետք է մշտապես ստուգվի: Այստեղ լուրջ անելիք ունեն նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, քանզի հենց նրանց է տրված այդ մասով վերահսկելու ուղիղ լիազորությունները: Ուրեմն բարի եղեք լիարժեք կիրառել ձեր լիազորություններն ու կարգի բերեք դաշտը: Բոլոր այն համատիրությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ խախտման 1 դեպք է արձանագրվել:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում է վնասված կանգառասրահների վերանորոգումը, տեղադրվում են կանգառանշաններ: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակվում են նաև հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ուղղությամբ մշտադիտարկումները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է վարչական իրավախախտման 8 դեպք: Հանձնարարվել է առավել խստացնել աշխատանքներն այս ուղղությամբ, մասնավորապես ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից հետո սահմանել հսկողություն:
Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի առաջին կիսամյակի կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 103 տոկոս: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն սկզբունքով՝ պահպանելով 100 և ավելի տոկոս ցուցանիշը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց որակին ու սահմանված ժամկետում ավարտելուն:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված զեկուցվել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և սփյուռքից ժամանող հյուրերին, մարզիկներին և մարզիչներին պատշաճ ընդունելու ուղղությամբ:
Մայրաքաղաքում դպրոցների ավարտական և պետական քննությունների ընթացքի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոցներում ավարտվել են պետական փոխադրական ավարտական քննությունները, որոնք կազմակերպվել են օրենքով սահմանված կարգով և առանց խախտումների: Բաժանվել են նաև ավարտական վկայականներն ու ատեստատները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարներին և բնապահպանության վարչությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքի այն հատվածներում, որոնցում, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարող է հրդեհների վտանգ առաջանալ, և անհրաժեշտության դեպքում, ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ, ձեռնարկել համապատասխան միջոցներ: Բացի այդ, կոմունալ տնտեսության վարչությանն էլ հանձնարարվել է աղբավայրերում հնարավոր հրդեհների առաջացման կանխարգելման ուղղությամբ ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ հստակ քայլեր ձեռնարկել ու հնարավորին բացառել նման իրավիճակները:
Հաշվի առնելով, որ առաջիկա կիրակի օրը կնշվի Վարդավառի տոնը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հավուր պատշաճի կազմակերպել և անցկացնել տոնը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին