▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորածին երեխային տվել է թուրքին

 

Աննիկ Քելեշյանի պատմությունը

1904 թ., Աֆիոն-Գարահիսար

Արաքս Ղազարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նրա ընտանիքը հաղթահարել է գաղթի ճանապարհի փորձությունները՝ հասնելով Հունաստան: Ճանապարհին խորթ մայրը մահացել է, իսկ փոքր եղբորը տարել է թուրք ձիավորը:

«Տատիս հայրը՝ Եղիա Ավետիսի Քելեշյանը ծնված՝ 1879թ., Աֆիոն-Գարահիսարում, լինելով հարուստ վաճառական, օրինական կերպով զբաղվել է հաշիշի վաճառքով՝ այն նավով առաքելով աշխարհի տարբեր երկրներ՝ որպես ցավազրկող միջոց: Տիրապետել է 6 օտար լեզվի: Ունեցել է 3 երեխա. տատս՝ Աննիկ Եղիայի Քելեշյանը, ծնված 1904թ.,Ավետիս Քելեշյանը՝ ծնված 1906թ., Լյուսիյա Քելեշյանը՝ ծնված 1910թ.:
Կրտսեր երեխայի ծնունդից մի քանի ամից անց մահանում է կինը: Երեխաներին լիարժեք ընտանիքում մեծացնելու ցանկությունից ելնելով, Եղիան կրկին ամուսնանում է և երկրորդ կնոջից ունենում մի արու զավակ՝ Սարգիս անունով: Լինելով իր ժամանակների ազդեցիկ մարդկանցից մեկը, շփվելով բազմաթիվ թուրք ղեկավարների հետ՝ վաղօրոք իմանում է հայերի բնաջնջման թուրքերի ծրագրի մասին: Նրան առաջարկում են կրոնափոխ լինելով իր ընտանիքի հետ ազատվել մոտալուտ կոտորածից: Սակայն, չհամաձայնվելով առաջարկին, նա իր ընտանիքի հետ միասին գիշերով կառքով ուղևորվում է դեպի Իզմիր՝ նավով փախչելու մտադրությամբ:
Մի քանի օր անց, երբ արդեն սկսվել էին հայերի զանգվածային տեղահանումները, բազմաթիվ բախտակիցների հետ միասին, նրանք էլ թալանվում են և ոտքով, անապատով բռնում գաղթի ճանապարհը: Տատս պատմում էր Դեր-Զորում իր տեսած բազմաթիվ այն չարչարանքների մասին, որոնց միջով անցնում էին թե՛ մանուկ, թե՛ մեծ: Նրանք էլ զերծ չմնացին մարդկային կորուստներից:
Խորթ մայրն ուժասպառ,այլևս չկարողանալով գրկել մանուկ Սարգսին, խնդրում է ձիավորներից մեկին օգնել իրեն երեխային մի փոքր ճանապարհ տանելով՝ չգիտակցելով իր արարքը: Որոշ ժամանակ անց, նկատելով, որ երեխայից բավականին հեռացել է, սկսում է վազել՝ գոռալով՝ . Սարգի՜ս, Սարգի՜ս, սակայն ապարդյուն:
Երեխային այլևս չգտնելով՝ մայրը դառը կսկիծը սրտում նույն գիշերը մահանում է: Երեխաները կրկին որբանում են: Եղիային գիշերը հաջողվում է ճամփեզրին թաղել կնոջը: Հայրը երեխաներին կորցնելու վախը սրտում հագուստները կապում է մեկմեկու:
Ունելանով սեփական մահն աչքի առաջ, ճանապարհներին թողնելով հիվանդների, ծերերի, այդպես քայլելով օրեր շարունակ, մի կերպ մազապուրծ լինելով հասնում են Շամ (այժմ՝ Դամասկոս): Ծանոթ լինելով Շամ քաղաքին, այնտեղ ունենալով արաբ բժիշկ ընկեր, ապաստան է գտնում նրա տանը: Որոշ ժամանակ ապրելով Շամում՝ բազում հայ գաղթականների հետ մեկնում են Հունաստան՝ Աթենք:

Երկար տարիներ ապրում են Աթենքի Ակրոպոլ թաղամասում: 1921-ին Երկրի կարոտը սրտում Եղիան մահանում է, թողնելով երեխաներին որբ:
Պապս ՝ Մելքոն Ղազարյանը, որի ծնողները մշեցիներ էին՝ Հովհաննես և Թագուհի Ղազարյանները, իրենց միակ երեխային՝ 12 ամյա պապիկիս կոտորածից փրկելու համար հագցնում են շրջազգեստ, ականջօղեր կախում, և որպես աղջիկ, ծանոթ հույն ընտանիքի հետ նավով ուղարկում են Հունաստան, որտեղ ապրում է Աթենքի որբանոցում: Իսկ ծնողները ողջ մնալու հույս էլ չունենալով, ճանապարհ են ընկնում դեպի Արևելյան Հայաստան և օթևան գտնում Ալագյազի փեշերին գտնվող Դահառլի գյուղում (այժմ՝ Գետք): 1924-ին պապս և տատս ամուսնում են, ունենում 3 երեխա:
Խոսք ու զրույցի մեջ պապս իմանում է , որ իր ծնողները ողջ են և ապրում են Արևմտյան Հայաստանում: 1932-ին բազմաթիվ հայ գաղթականներ հետ Հունաստանից դեպի Հայաստան են վերադառնում պապս՝ կնոջ և երեխաների հետ, ինչպես նաև տատիս քույրն ու եղբայրն իրենց ընտանիքներով: Այդ ընթացքում պապիս ծնողները որդուն գտնելու հույսը չէին կորցրել: Ապրել են Աղզումցյանների ընտանիքում,պահելով նրանց որբացած երեխաներին: Մի օր պապիս մայրը՝ Թագուհին, պատմել է ամուսնուն իր երազի մասին, որում մի անծանոթ մարդ իրեն լուր է բերել, որ որդին շուտով կվերադառնա: Ամուսինն ահանգստացած առավոտյան շտապում է Լենինականի կայարան, որտեղ տեղեկանում է Հունաստանից վերադարձող գաղթականների մասին:
Երկու օր անց գնացքը հասնում է Լենինական, որտեղ շատերն էին փնտրում տարիներ առաջ անհետ կորած իրենց հարազատերին՝ կանչելով նրանց անունները: Որդու անունն աղաղակելով, երջանիկ պատահականությամբ լսում է իրեն ուղղված «հայրի՛կ» բառը: Շրջվելով տեսնում է մի հասուն տղամարդու, որին չճանաչելով շարունակում է բղավել որդու անունը: Պապս մոտենում և գրկում է իր հորը և ասում. – Ես քեզ ճանաչեցի, հայրի՛կ, դուն Հովհաննեսը չե՞ս: Ծանոթանալով որդու ընտանիքի հետ, նրանց ուղեկցում է այն բնականանը, որը նախօրոք պետության կողմից հատկացվել էր գաղթականներին:
Հովհաննեսը, վերադառնալով գյուղ, պատմում է կնոջն իր և որդու հանդիպման մասին՝ խոստանալով վաղ ատավոտյան տանել որդու հետ տեսության: Հաջորդ ատավոտ, երբ գնում են որդու տուն, նա դեռ քնած է լինում: Թագուհին աչքերին չհավատալով, լացակումած, ցածրաձայն սկսում է երգել նույն օրորոցայինը, որով ժամանակին քնեցրել էր նրան: Երբ պապս բաց է արել աչքերը, մայրըն անմիջապես ճանաչել է որդուն…
-Իմ լա՜ճ, իմ Մելքո՜ն:

Աննիկ Ղազարյանը մահացել է 1994-ի դեկտեմբերի 31, քաղաք Գյումրիում»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին