▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե գիտեք ով է սպանել որդուս, ասեք». սպանված կուրսանտի հայրը պատասխանում է

Կուրսանտի հայրը պատասխանում է բաց նամակին,  գրում է  forrights.am-ը:

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի մայրը «News.am»-ի միջոցով բաց նամակ է հղել Հայկազի հորը՝ Արկադի Բարսեղյանին:  

«Մի հավատացեք այն մարդկանց, ովքեր Ձեզ վստահեցնում են, թե սպանությունը կատարել են այս չորս կալանավորվածները եւ վերջ: Խնդրում եմ Ձեզ, ուշքի՜ եկեք: Եկեք միասին պայքարենք իրական մարդասպաններին գտնելու համար: Հավատացե՜ք, ես Ձեզնից ավելի եմ ուզում, որպեսզի պատժվեն իրական հանցագործները»: 

Հայկազի սպանության մեջ են մեղադրվում Ինստիտուտի 4 կուրսանտները, որոնք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: 

«Նախ ինձ համար զարմանալի է, որ սպանությունից  5 ամիս անց է միայն այդ կինը ցավակցում ինձ… Առհասարակ, սպանության մեջ կասկածվող 4 տղաներից որեւէ մեկի ծնողը չի փորձել կապվել մեզ հետ, բայց ես իրենց հասկանում եմ, գուցե վախեցել են պարզապես…» 42-ամյա Արկադի Բարսեղյանը «forRights.am»-ի հետ զրույցում պատասխանեց Վաչե Սահակյանի մորը:

Հայրն ասում է, որ չորս կասկածյալները իր ցուցումով չեն ձերբակալվել. 

«Առավոտյան 6:30-ին որդուս դին են հայտնաբերել, ժամը 8-ին արդեն նրանց ձերբակալել են, ես դեռ տեղյակ էլ չեմ եղել այդ ժամանակ: Նախաքննական մարմինն է այդպես որոշել»: Արկադի Բարսեղյանի տպավորությամբ, Վաչեի մայրը նամակն այնպիսի վստահությամբ է գրել, կարծես նա գիտի ով է իրական մարդասպանը. 

«Եթե Վաչեի մայրը ինչ-որ մի բան գիտի, թող բացահայտ ասի: Ես խնդրում եմ, որ նա ազդեցություն ունենա իր տղայի վրա, որպեսզի նա խոսի եւ ասի, թե ով է սպանել իմ տղային: Եթե Վաչեն անմեղ է, ես չեմ ուզի, որ նա դատվի: Ես խոստանում եմ, որ եթե Վաչեն անմեղ լինի, ես դատարանում մասսայական ներողություն կխնդրեմ նրանից էլ, ծնողից էլ: Իսկ արդյոք Վաչեի մայրը պատրաստ է ներողություն խնդրել ինձնից ու իմ կնոջից, եթե ապացուցվի, որ իր տղան է սպանել Հայկազին»: 

Արկադի Բարսեղյանն ասում է, որ Հայկազի սպանությունն իրականացվել է սաֆարովյան ոճով.

«Մենք բոլորս ցնցվել էինք, երբ Սաֆարովը հայ սպային սպանել էր անկողնու մեջ, բայց այդ դեպքից տարիներ անց Երեւանում տեղի է ունենում նույն բանը, այս անգամ հայը սպանվում է անկողնու մեջ հայի ձեռքից»: Հայկազի մայրը վատառողջ է, ընտանիքը նրանից թաքցնում է որդու մահվան վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները. 

«Չենք թողնում, որ կարդա, որ ավելի չվատանա: Մի գիշեր կինս զգաց, որ ես անհանգիստ եմ, հարցրեց՝ ինչ է եղել, բայց ոչինչ չասացի: Գոռաց «Հայկազ, Հայկազ» ու սկսեց լավ լինել…»,- պատմում է Արկադի Բարսեղյանը: 

Հայրն ասում է, որ Հայկազը դեռ մանկուց երազել է սպա դառնալու մասին: Նա ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական քոլեջը, ապա զորակոչվել է բանակ, ծառայության ընթացքում դիմում է գրել՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ ուսումը շարունակելու Ռազմական ինստիտուտում: Այստեղ էլ նա գերազանց արդյունք է ցուցաբերել: 

«Հայկազի նկարը փակցված էր գերազանցիկների տախտակին, բայց ինքը մեզ նույնիսկ չէր ասել էդ մասին: Մահից հետո երբ գնացի Ինստիտուտ, տեսա նկարը…»,- ասում է հայրը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին