▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ կոնվենցիոնալ մարդը՝ Ղարաբաղում...

Ոչ կոնվենցիոնալ մարդը՝ Ղարաբաղում…

Վերջին օրերի երեւի թե ամենաանսովոր ու անսպասելի լուրն այն է, որ ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովը փակել է Մոսկվայի մարզում գտնվող իր տունը եւ ողջ ընտանիքով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Ասում են՝ միլիոնատեր, նույնիսկ միլիարդատեր: Հիմա արդեն շատ դժվար է պնդել՝ արդյոք այդքան փող ունի, բայց մի ժամանակ հաստատ ուներ: Մի երկու փաստ պարզապես ներկայացնեմ նրա կենսագրությունից: Բանակից հետո ընդունվեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց, ինչպես ասում են, յոլա չգնաց դասախոսների հետ ու ընդամենը մեկ տարի սովորելուց հետո դուրս եկավ: Հետաքրքիր գործ ձեռնարկեց: Երկաթուղային կայարանները Մոսկվայում շատ են, սպասասրահներում էլ մարդկանց պակաս երբեք չի եղել: Պրոֆեսիոնալ երաժիշտներ էր բերում, մի կայարանում նվագում, գնում էին հաջորդ կայարանը, նրանց փոխարեն նոր երաժիշտներ էին գալիս: Մարդիկ էլ հաճույքով փող էին տալիս, որովհետեւ միեւնույն է պիտի ժամերով նստեին իրենց գնացքին սպասեին՝ այդ ընթացքում մի քանի համերգ էին լսում: Դա 88 թվականն էր: Իրականում Գերման Ստերլիգովը հայտնի դարձավ դրանից մոտ երկու տարի անց, երբ ստեղծեց Ռուսաստանի առաջին ապրանքային բորսան: Այն ժամանակ ընդամենը 24 տարեկան էր: 
Երբ տարիներ հետո լրագրողներից մեկը հարցրեց՝ ՙԲա ինչպես Սովետի օրոք նման միտք հղացաք՚, Ստերլիգովը պատասխանեց՝ ՙՊարզապես ամերիկյան մի կինոնկար էի դիտում Ուոլ Սթրիթի մասին ու մտածեցի՝ ինչու մեզ մոտ էլ բորսա չստեղծեմ՚:
Բորսան հսկայական հաջողություն ունեցավ: Երեք շաբաթում Ստերլիգովը դարձավ միլիոնատեր, երեք տարուց արդեն մուլտիմիլիոնատեր էր եւ բազմաթիվ գրասենյակներ ուներ աշխարհի տարբեր ծայրերում: Ֆրանսիայում դղյակ գնեց, Նյու Յորքի ամենակենտրոնում՝ շքեղ բնակարան: Հետո, երբ Մոսկվայում ձեւավորվեց էլիտար թաղամասը՝ հանրահայտ Ռուբլյովկան, այնտեղ էլ երկու տուն ձեռք բերեց: Մի անգամ Ստերլիգովը խոստովանել է, որ հարստության մի մասն էլ դիզել է 1991 թվականի օգոստոսյան պուտչի ժամանակ: Հենց որ Մոսկվայում ուժայինները սեւծովյան Ֆորոս կղզում մեկուսացրեցին Գւորբաչովին եւ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը, Նյու Յուրքի բորսայում Սովետի պարտատոմսերը դարձան զրո: Ստերլիգովը եգիտպացի մի մեծահարուստի միջոցով միանգամից գնեց այդ արժեզրկված պարտատոմսերը, իսկ մի քանի օր անց, երբ հեղաշրջումն ավարտվեց ու ամեն ինչ կայունացավ, վաճառեց դրանք հարյուրապատիկ գնով: 
Այսինքն՝ քաղաքական իրադարձությունները հարստացրեցին Ստերլիգովին, բայց քաղաքականությունը հետագայում նաեւ տարավ այդ փողերը: 2000-ականների սկզբներին Ստերլիգովը որոշեց մասնակցել ընտրություններին: Նախ, Սիբիրում ուզում էր դառնալ Կրասնոյարսկի նահանգապետ: Շատ փող ծախսեց, բայց ոչինչ չստացվեց: Հետո որոշեց Մոսկվայի քաղաքապետ դառնալ՝ էլի ահագին գումար ծախսեց, բայց հավաքեց ընդամենը երեքուկես տոկոս ձայն: Եւ վերջապես 2003 թվականին ուզում էր դառնալ Ռուսաստանի նախագահ: Թեկնածությունը առաջադրեց, բայց վերջին պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ-որ թերություն գտավ փաստաթղթերից մեկում ու հրաժարվեց նրան գրանցել որպես նախագահության թեկնածու: Ստերլիգովը բողոքարկեց որոշումը եւ Գերագույն դատարանը իրոք վճռեց, որ մերժումն անհիմն էր: Բայց, ինչպես ասում են, գնացքը արդեն մեկնել էր, ընտրություններն ավարտվել էին: 
Դրանից հետո Ստերլիգովը՝ պարտքերը մարելու համար վաճառեց թե ֆրանսիական դղյակը, թե Ռուբլյովկայի տները եւ ընտանիքով տեղափոխվեց Մերձմոսկովյան Սլոբոդա ավանը, որտեղ սկսեց զբաղվել ոչխարաբուծությամբ: Գյուղական տուն կառուցեց, որտեղ նույնիսկ գազ չկա եւ մինչեւ վերջերս ապրում էր ավանդական գյուղացիական կյանքով: 
Թե ինչու է տեղափոխվել Ղարաբաղ՝ երեւի միայն ինքը գիտի: Համենայնդեպս՝ ոչ նրա օգնականները, ոչ էլ փաստաբանը՝ մոսկվացի հայտնի իրավաբան Արթուր Հայրապետովը ոչ մի կոնկրետ պատճառ չեն նշում: Փաստաբանը միայն ասում է, որ օրերս խոսել է Ստերլիգովի հետ եւ նա պատմել է, թե ինչ հիասքանչ է Ղարաբաղի օդը, ինչ մաքուր է բնությունը, ինչ հրաշալի մարդիկ են: Հայրապետովը նաեւ հայտնել է, որ Ստերլիգովը Հայաստանում շատ հարգարժան մարդկանց հետ սերտ կապեր է պահպանում: Ում հետ՝ չի ասել:
Ղարաբաղ գնալն, ի դեպ, Ստերլիգովի միակ անսովոր գաղափարը չէ: Նա, օրինակ, համոզված է, որ հիմա իրականում ոչ թե 2015 թվականն է, այլ 2023-ը, որովհետեւ Հիսուս Քրիստոսը 8 տարով ավելի շուտ է ծնվել, քան բոլորի կողմից ընդունված է: Նաեւ ժամանակին այսպիսի գաղափար էր առաջ քաշել: Ռուսաստանի ասիական մասը՝ Ուրալից մինչեւ Սախալին վաճառել օտարերկրյա պետություններին: Այսինքն՝ Ռուսաստանը պետք է մնա միայն եվրոպական մասում ու նաեւ միավորվի Ուկրաինայի եւ Բելառուսի հետ: 
Բավական անսովոր մարդ է եկել Ղարաբաղ: Բոլոր դեպքերում՝ Արցախ տեղափոխվելու միտքը երեւի կարելի է ողջունել: Մանավանդ, որ ոմանք պնդում են, թե փող այնամենայնիվ նա հիմա էլ ունի Լրագրողներից մեկը մի անգամ այդ հարցը նրան տվել է՝ ՙԴուք հիմա հարո՞ւստ եք՚: Ու Գերման Ստերլիգովը պատասխանել է՝ ՙԻհարկե, հարուստ եմ՝ հինգ երեխա ունեմ՚:

Արմեն Դուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին