▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-վրացական երկխոսությունը տալիս է իր արդունքները

Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած վերջին այցը փաստում է, որ հայ-վրացական համագործակցության ակտիվացումը հնարավոր է դարձնում հրատապ և ակտուալ հարցերի լուծումը: Տեսանելի է նաև Վրաստանի վարչապետի պատրաստակամությունը հայկական կողմի առաջարկներին և կոչերին համապատասխան արձագանքի արժանացնելու մոտեցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, երբ Դալիալի անցակետի աշխատանքային ժամերը ավելացվեցին 3 ժամով՝ ի դեպ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ջանքերով, սակայն պարզ դարձավ, որ դա ևս բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար. կրկին կուտակումներ էին առաջանում սահմանին և բեռնատարները չէին հասցնում ժամանակին ապրանքները հասցնել նշանակման վայր, ինչի արդյունքում մթերքը, կարելի է ասել, անպիտան էր դառնում: Եվ ահա երկու Հ.Աբրահամյանի և Ի.Ղարիբաշվիլիի հուլիսի 26-ին Կազբեգի կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց անցակետի աշխատանքը ևս 3 ժամով երկարացնելու վերաբերյալ 05:30-ից 24:00:

Այն որ կողմերը ավելի լավ են սկսել միմյանց հասկանալ, և ձևավորվել է փոխըմբռնման մթնոլորտ ակնհայտ է: Սաակաշվիլիի իշխանության օրոք վերջինս փորձում էր ամեն կերպ գոհացնել թուրք և ադրբեջանցի գործընկերներին և շատ հաճախ հայ-վրացական հարաբերություններին ոչ ի նպաստ նախաձեռնություններ էին իրականացնում: Բայց ներկայում իրավիճակը փոխվել է, և վրացի պաշտոնյաները ավելի չափավոր են դարձել թուրք-ադրբեջանական քմահաճույքները բավարարելու հարցում: Հարևանների հետ հարաբերություններում հավասարակշռությունը պահելու դեռևս նախկին վարչապետ Իվանիշվիլիի նախաձեռնած քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, ինչն անխոս իր դրական հետքն է թողնում հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և զարգացման տեսանկյունից:

Բոլոր դեպքում արդի զարգացումները հուշում են, իսկ իրավիճակը պահանջում, որպեսզի Հայաստանն ու Վրաստանը շարունակեն փոխգործակցության ակտիվացումը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխտիր և անխափար իրացումը, ինչը թույլ կտա հող նախապատրաստել ապագայում նորանոր հաջողություններ գրանցելու համար:

Ալիկ Էրոյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին