▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի ծրագրում վերջին մարզաձևը շաշկին էր

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 2-ին մեկնարկել էր «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը: Փառատոնի վերջին օրը` հուլիսի 29-ին, ուժերն են չափել մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացնող շաշկի մարզաձևի պատանի ներկայացուցիչները: Չնայած մարզաձևով սիրողական մակարդակով զբաղվելու փաստին, ինչը նաև փառատոնի կանոնակարգով էր սահմանված, խաղատախտակների մոտ ծավալվել է համառ պայքար, որն էլ ի մի է բերել մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած երեխաներին: Այսպիսով` 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչ Հայկ Ղահրամանյանը, 2-րդը շենգավիթցի Վահրամ Օճոյանն է, իսկ առաջին մրցանակակիրը` Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող Արտակ Ալիխանյանը: Պատվո հարթակի բոլոր մարզիկները, ինչպես և հարկն է, պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

Հիշեցնենք, որ մինչ այս մայրաքաղաքի 12 վարչական շրջանների պատանիներն ու աղջիկները ի հայտ էին բերել նաև վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, հանդբոլ, հեծանվավազք և շախմատ մարզաձևերի հաղթողներին ու մրցանակակիրներին: Այսպիսով, փառատոնը ևս մեկ էջ է գրել իր տարեգրության մեջ, իսկ որպես «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի բաղկացուցիչ, նպաստել, որ մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաները նաև մարզական կարողություններով աչքի ընկնեն: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմն առաջիկայում կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին