▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց օգնողների թմրամիջոցները Հայաստանով չէին կարող տեղափոխել. Էդիկ Բաղդասարյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Euronews-ի տեսանյութից պարզ է դառնում, թե ինչպես է Ռումինիայում ոստիկանությունն առգրավում 333 կգ հերոին: Թմրանյութերը Աֆղանստանից  Ադրբեջանով,  Վրաստանով, Հայաստանով և Ուկրաինայով Ռումինիա էին հասել  բեռնատարների միջոցով: 

Հայաստանի` այս պատմությանն առնչություն ունենալու վերաբերյալ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ: Վերջինիս  կարծիքով սա նմանատիպ հերթական դեպքերից մեկն է.

«Արդեն ապացուցված է և բազմաթիվ փաստեր կան, որ  Հայաստանից թմրանյութեր են գնում: Վաղուց  ֆիքսված է, որ Հայաստանը  թմրանյութերի առումով  տարանցիկ երկիր է: Ես չեմ զարմանում... Եթե մի տոննա թմրանյութ փորձում են անցկացնել,  ապա  200 կգ կամ  10 կգ ինչո՞ւ չպետք է փորձեն»:

Նշենք, որ Էդիկ Բաղդասարյանի մատնանշածը 2014 թվականի հունվարի 17-ին է տեղի ունեցել, երբ Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել էր 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Մոտ 1 տոննա հերոինը փորձ է արվել փոխադրել բեռնատարի միջոցով: ՀՀ վերաքննիչ դատարանի` 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «հերոին» տեսակի թմրամիջոցը  ոչնչացման ենթակա է եղել: Այն այրման միջոցով ոչնչացվել է հունիսի 6-ին` Արարատի ցեմենտի գործարանի վառարանում:

Շարունակելով  թեման`  մեր այն դիտարկմանը արդյո՞ք այս անգամ  ի տարբերություն  նախորդի`  հաջողվել է  անցնել Հայաստանով միայն քանակի համեմատական սակավության պատճառով, Էդիկ Բաղդասարյանն ասաց.

«Աշխարհում շատ քիչ է լինում, որ նման  մեծ քանակով թմրանյութեր հայտնաբերվեն: Որքան հիշում եմ, տարածաշրջանում առաջին դեպքն էր, դրա  համար  ուշադրության էր արժանացել, թեպետ  դա էլ այդքան մեծ չէր: Դրանից  հետո  ևս մի քանի դեպքեր եղան, որոնց  ժամանակ  մեր  մաքսատունն անցել էին, սակայն Վրաստանում հայտնաբերել էին թմրամիջոցները: Այս  ամենն այնքան մեծ թիվ է կազմում, որ երբեմն հայտնաբերում են, երբեմն` ոչ, սակայն եթե նրանց հասնում են օպերատիվ տվյալները, գործողություններ են իրականացնում և հայտնաբերում են»:

Էդիկ Բաղդասարյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչի արդյունք է թմրամիջոցի  չհայտնաբերումը` վատ աշխատանքի՞:

«Ես ավելի շատ կասեի, որ  այդ ամենը թմրաբիզնեսներով զբաղվողների լավ կազմակերպված աշխատանքի արդյունքն է: Նրանք  գիտեն, թե որոնք են թույլ երկրները, թույլ  կետերը. և վայրերը գիտեն և այդտեղով էլ անցկացնում են թմրամիջոցները»:

Զրույցի վերջում էլ  հետաքննող  լրագրող Էդիկ Բաղդասարյանն անդրադարձավ այն շրջանառվող վարկածին, որի համաձայն` թմրամիջոցները կարողանում են անցկացնել Հայաստանով, որովհետև  համապատասխան օղակներն այդ ամենն «անտեսում» են:

«Իհարկե, դա էլ չի բացառվում, որ նրանք այս  տարածքում օգնողներ ունեն. առանց  այստեղ ունեցած մարդկանց` այդ ամենը չէին կարող տեղափոխել»,-իր խոսքը եզրափակեց  Էդիկ  Բաղդասարյանը:

Հավելենք նաև, որ ըստ նախնական տեղեկության` Ռումինիայում հայտնաբերված 333 կգ հերոինի շուկայական արժեքը 8 միլիոն եվրո է կազմում, վաճառքի  արդյունքում էլ շահույթը կկազմեր 40 միլիոն եվրո: Թմրանյութերի տեղափոխման  պատասխանատուներն ազգությամբ թուրքեր և  ռումինացիներ էին:  Այս գործով  ներգրավված են  11 անձ, որոնցից  4-ն արդեն ձերբակալվել են:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին