▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր մնաց Բաղրամյանը և ինչպե՞ս հետ բերել այն

Ապրիլին հանրային ռադիոյով ժողովրդին ոգևորող ելույթ ունեցա, ասացի, որ մեզ մեծ վերելք է սպասվում: Հաղորդման ավարտից հետո ռադիոյի աշխատողները փայլող աչքերով շրջապատել էին ինձ:
Պատճառն իրենք ասացին՝
- Բոլոր հյուրերը գալիս, լացում են այստեղ:

Քաղաքական թերմտածված շարժումների ջախջախումները վհատեցրել են մարդկանց, դարձրել պասիվ, հուսազուրկ, ու անչափ դժվար է մարդկանց համոզել, թե կա վերելքի հնարավորություն, թե ժողովուրդի ոգին մարած չէ, և կարելի է նրան դրդել մեծ գործերի: Ինքս, համենայնդեպս հրապարակախոսությամբ, գրքերով ջանացել եմ հնարավորինս ոգևորել ժողովրդին ու հաճախ եմ լսել արձագանք, թե ամենն իզուր է, ազգը մեռած է, և ոչինչ այլևս չի փրկի:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու, որ այդպես չէ, որ ժողովուրդը հոգու խորքում կրում է բարձր արժեքներ և ունի ձգտում ու երազանք՝ ապրել այդ արժեքներով:
Այս օրերին հաճախ եմ շփվել բաղրամյանականների հետ, ու բոլորի մոտ կարոտ կա մաքրամաքուր այն մթնոլորտի հանդեպ, որն իշխում էր մի քանի օր պողոտայում: Այն ասես երազ լինի այդ մարդկանց համար:

Առանձնակի ուշադրության է արժանի պողոտայի իրադարձություններին ոչ մասնակից, հանրապետության այլ քաղաքներում և սփյուռքում ապրող մեր ազգակիցների արձագանքը տեղի ունեցածին. հուզիչ էր տեսնել, թե ինչպես են մարդիկ հպարտանում իրենց հայ լինելու համար:

Մենք միլիարդավոր դոլարներ եթե նպատակային ծախեինք ազգին ոգևորելու համար, գուցե թե չստանայինք այն արդյունքն ու արձագանքը, որն ունեցավ Բաղրամյանը: Այնպես որ՝ խորին շնորհակալության են արժանի բոլոր նրանք, ում շնորհիվ եղավ ազգային հպարտության, ազգային զգացողության այդ ալիքը:
Եվ ամենևին կարիք չկա տրտմելու, թե Բաղրամյանը մեզ չհասցրեց երջանիկ հանգրվան և փոփոխություն չբերեց մեր երկրին: Այդ փոփոխությունները բերելը բարդ ու տևական գործ է, այն միանգամից հաստատվել չէր կարող, հատկապես, որ իրադարձություններն առաջ էին ընկել քաղաքական մտքի զարացման ընթացքից:

Բաղրամյանն ապացուցեք կարևորը՝ հայության հոգու խորքերում դեռ ապրում է բնատուր արժեհամակարգը, ապացուցեց, որ ազգն ունի կարոտ դեպի այն, ապացուցեց, որ ազգի ներկայացուցիչները, որքան էլ որ հեռու ապրեն միմյանցից, չեն կորցրել Մեծ ընտանիքի զգացողությունը և ԿԱՆՉԻ դեպքում կդառնան մարդ-ազգ, ինչպես հեռավոր հնում:

Հիմա արդեն քաղաքական մտքի աշխատելու փուլն է եկել, որպեսզի գտնվի միամիտք ու միաբան ԱԶԳԻ վերհառնման ուղին:

Այդ գործընթացը հաջողելուն մեծապես կօգնի ուրիշի փորձի ուսումնասիրությունը, որը կներկայացվի առաջիկայում:

Շարունակելի

Արծրուն Պեպանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին