▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանտի վերադարձը» Էդգար Կոստանդյանից

Երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Կանտի վերադարձը» պատմվածքը:

Կանտը վերադարձել էր Փարիզից: Վերջին անգամ հինգ տարի առաջ էր եկել ինքնասպան եղած եղբորը թաղելու: Ինչքան էլ որ դպրոցական տարիքից Ֆրեյդ ու Նիցշե էր կարդում, մեկ է, մեր շենքի Սևոն նրան Կանտ կնքեց, պատճառն էլ երևի էն էր, որ փիլիսոփաների ու փիլիսոփայության մասին Սևոյի գիտելիքներն այդ ժամանակ սկսում ու վերջանում էին Կանտով: Դպրոցն ավարտելուց հետո Կանտը որոշեց, որ ուզում է ատամնաբույժ դառնալ, դարձավ, էստեղ մի քանի մասնավոր կլինիկաներում աշխատեց կամ ինչպես ինքն էր ասում` <<բզբզաց>>, հետո թողեց ամեն բան ու գնաց` Փարիզ: Էնտեղ հստակ զբաղմունք չունի, <կպնելու վրա ա>>,- ասում է: Փարիզում ապրելու տասը տարիների ընթացքում մի անգամ էր եկել Երևան, ոնց արդեն ասացի, ինքնասպան եղած եղբոր թաղումը կատարելու: Եղբայրը ժամկետային ծառայող էր բանակում, երբ լսեցինք նրա ինքնասպանության լուրը: Ինչի համար էր ինքնասպան եղել կամ արդյոք ինքնասպան էր եղել, թե չէ, էդպես էլ չիմացանք: Ու հիմա` էդ չարաբաստիկ դեպքից հինգ տարի անց Կանտն էլի էստեղ է:

... <<Կորի գրողի ծոցը, մարդ չես դառնա>>.- հեռախոսիս էկրանին կարդում եմ աշխարհի ամենագեղեցիկ աչքերն ունեցող կնոջ հաղորդագրությունն, ու էդ նույն պահին էդ նույն հեռախոսի էկրանին Վահագի համարն է գրվում:
- Ու՞ր ես,- հարցնում է:
- Տանն եմ, ի՞նչ կա:
- Կանտն ա էկել, մի ժամից տղերքով հավաքվում ենք Զորիկի <<պիվնոյում>>, չուշանաս:
Իր` մանկուց եկած չոբանության համաձայն, Վահագն, առանց իմ <<հա>>-ն կամ <<չէ>>-ն լսելու, անջատում է հեռախոսը: Հետ չեմ զանգում, մի կողմ եմ նետում բջջայինս ու պառկում բազմոցին:

... Մեկ ու կես ժամ ուշացումով եմ հասնում տղերքին. ծառերով փակված տաղավարում տղերքը գարեջուր են խմում: Գրում եմ Կանտին, բարևում Վահագին ու Հրաչին, ապա տեղավորվում բավականին անհարմար աթոռին:
- Էս ի՞նչ քահանայի թրաշ ես պահել, արա,- հեգնում է Վահագը,- հիմա լուրջ գրող էրևալու համար ըտենց ե՞ն անում:

-Ինձ գարեջուր բերեք,- ասում եմ մատուցողուհուն` անտեսելով Վահագի տափակ սրամտությունը:

Հաճելի վիճակ էր, Կանտի` Փարիզի մասին պատմությունները (որոնց յոթանասուն տոկոսն իրականում չեն եղել, ինչպես ցանկացած իրեն հարգող <<խոպանչու>> պարագայում) մի պահ մոռացության մատնեցին աշխարհի ամենագեղեցիկ աչքերն ունեցող կնոջ վերջին հաղորդագրությունը:
- Բա Սևոն ու՞ր ա,- հարցնում եմ
- Գործնական հանդիպման ա, ինչ ա,- պատասխանում է Հրաչը (կամ Վահագը):

Սևոն` մեր մյուս ընկերն ու նա, ով հորինեց Կանտի մականունը, երևանյան բանկերից մեկի կառավարիչն է, անընդհատ զբաղված, երբեմն էլ էդպես ձևացող կարիերիստ մեկը, ու չնայած նույն բակում ենք ապրում, բայց էս տասը տարիների ընթացքում նրան էնքան ենք տեսել, ինչքան Կանտին: Սևոն բոլորիս համար օրինակ էր: Ինչքան էլ երեխա ժամանակ ծաղրեինք առավոտից գիշեր սովորելու համար, միևնույն է տանը բոլորիս ծնողների, հատկապես մայրերի համար նա չափանիշ էր` կազմակերպված ու օրինակելի երեխայի: Երկու տարի առաջ, երբ հերթական անգամ դրամապանակս ու խնայողություններս օղու շշերի է վերածել, գնացի մոտն ու խնդրեցի լավ պայմաններով վարկ դասավորել:
- Ես քեզ կտամ էդ փողը,- ասաց,- հետո, երբ կունենաս, կտաս, էլ ինչի՞դ ա պետք վարկը:
- Չէ,- ասացի,- վարկն ավելի հարմար ա, պարտքով փող չեմ ուզում:
- Լավ, դու գիտես: Սպասի, ասեմ` կոֆե բերեն, խմենք, մինչև էրեխեքը թղթերովդ կզբաղվեն:

Վեց-յոթ տարվա մեջ առաջին անգամ պիտի մանկության ընկերոջս հետ սուրճ խմեի, ու գոնե քսան րոպե զրուցեի, երբ զանգեց աշխատասենյակի քաղաքային հեռախոսը, Սևոն ասաց <<հենց հիմա գալիս եմ>>, հետո դարձավ ինձ ու ասաց` <<կներես, բռատ, Կենտրոնական բանկից կանչեցին, շտապ պիտի գնամ, գործնական հանդիպում ա>>: Երբ դուրս եկանք, ներողություն խնդրեց իրեն սպասող մի քանի փողկապավոր մարդկանցից ու շտապեց դեպի մեքենան: Էդ պահին մտածեցի, որ Կենտրոնական բանկում էլ հաստատ իրեն են էդպես ժամերով սպասեցնում, ինքն էլ երևի ժամերով նստում է էդ գրողի տարած սպասասրահում, ավտոմատի անհամ Nescafe-ներից մի 4-5 բաժակ լցնում է ստամոքսն, ու իր նման, բայց իրենից ավելի կարևոր ու ազդեցիկ մեկը դուրս է գալիս ու ձևական <<կներեք>> ասելով շտապում իր գործերին: Ու հետո Սևոն էնպիսի դեմքով է վերադառնում իր աշխատավայր, ասես իրեն Հռոմի պապին վայել ընդունելություն են ցույց տվել. չգիտեմ, գուցե սխալվում եմ: Ու թեև նա հոգաց, որ իմ վարկի հարցերը չափից ավելի արագ ու առանց ավելորդ բարդությունների լուծվեն, մեկ է, տխրել էի, որ ընկերոջս աշխատասենյակում չկարողացա սուրճ խմել:

... Ահագին գարեջուր խմեցինք: Քիչ հետո Հրաչը մեքենայի բեռնախցիկից COLA-յի շշի մեջ լցրած կոնյակ բերեց, ասաց, որ սա հատուկ կոնյակ է ու սրանից մենակ ինքն ունի: Մատուցողից օղու բաժակներ ուզեց (<<Զորիկնոցում>> կոնյակի բաժակներ չկան, էնտեղ ընդհանրապես կոնյակ չկա), ամենքիս մի բաժակ լցրեց, ու շիշը հետ տարավ (չալարեց): Կանտը վերցրեց կոնյակով լցված բաժակն ու ասաց
- Կարոտել էի, ափսոս մի շաբաթով եմ էկել, մյուս գալուց երկարով եմ գալու, որ հավեսս հանեմ ձեզանից:
Խմեցինք: Էլի անցանք գարեջրի:
- Ասել եմ` Զորիկը խորոված դնի կրակին,- ասաց Հրաչը,- գիտես, չէ՞, Կանտ, Զորիկի պես խորոված դաժե հերդ չի սարքում:
Կանտի հոր առաջին, ամենակարևոր արժանիքն, ըստ Հրաչի <<մատներդ հետն ուտելու>> խորոված սարքելն է:
Մինչև կբերեին խորովածը, Հրաչը գրպանից մի ծալած թուղթ հանեց, դրեց սեղանին ու Վահագին ասաց` <<լից>>:
- Ծխելիք ա՞,- ասաց Վահագն ու էնպիսի կարոտած հայացքով նայեց, ասես էդ թղթի մեջ կանեփի փոխարեն մեռած տատն էր:
- Հա, լից, ուժեղ բան ա:
Ծխեցինք: Ու եթե տղերքը սկսեցին հիմար ու դատարկ հումորներ անել ու ամեն ծառ ու թփի վրա ծիծաղել, ես կտրվեցի իրականությունից ու մի քանի ժամ հետ գնացի, էն հաղորդագրությունը հիշեցի` աշխարհի ամենագեղեցիկ աչքերն ունեցող կնոջ թողած հաղորդագրությունը, հետո հիշեցի մինչև էդ հաղորդագրությունն ունեցած օրերը, հիշեցի` ոնց էի խաղում մազերի հետ, ու ոնց էր էդ պահին ամեն ինչ փոքր ու անկարևոր թվում, ոնց էր ամբողջ աշխարհը փոքրանում, գալիս-հավաքվում էդ մազերի մեջ` աշխարհի ամենազգայուն մազերի...
- Հրաչ, մի հատ սիգարետ տուր,- ասաց Վահագը,- իմը պրծավ:
- Բլյատ, առ, քցի ջեբդ էլի, էդ ինչ երբեք սիգարետ չունենալու խասյաթ ա,- հետո դարձավ Կանտին,- ապեր, գիտես, չէ՞, սիգարետս փոխում եմ, Վահագը սկսում ա հազալ:
Ծիծաղեցին:
- Քեզ ի՞նչ էղավ, արա,- ասաց Հրաչը հենց նոր բերած խորովածից մի մեծ կտոր վերցնելով:
- Ոչ մի բան,- ասացի,- նորմալ ա:
- Դե որ նորմալ ա, հաց կեր:
- Ախորժակ չունեմ,- ասացի,- հետո կուտեմ:
- Հետոն ո՞րն ա, կարող ա՞ ջոկել ես էսօր ստեղ ենք քնելու: Էդ խասյաթիցդ սիրտս խառնում ա, մի ծուխ տալիս ես, վնուշկեն տանում ա: Ասա չեք կարում ծխեք, մի ծխեք, արա, ո՞վ ա տվել գլխներիդ:
- Հացդ կեր էլի, Հրաչ:

Տղերքի ախորժակը, հարգելի պատճառներով, լավ բացվել էր, մի քանի րոպե ընդհանրապես ձայն չէր լսվում: Ստամոքսի հետ հաշիվներն առաջինը Հրաչը մաքրեց, հետո մի շնչով դատարկեց գարեջրի կիսատ բաժակն ու ասաց.
- Տղերք, խմել-խմել, բերեք մի շիշ արաղ ուզենք, ի՞նչ ասիք:
- Չէ էլի,- ասաց Վահագը,- էսքանից հետո անհամություն կդառնա:
- Ես ասեցի` <<տղերք>>, ոչ թե <<Վահագ>>,- հակառակվեց Հրաչն ու տեղից բղավեց,- Զորիկ, մեզ մի շիշ արաղ ուղարկի, բայց որ <<Լֆիկ>> էղավ, հաշիվը չեմ փակելու:

Վահագից բացի բոլորս խմեցինք:
- Էս էլ բերեք կանանց կենացը խմենք,- առաջարկեց Կանտը` բաժակները լցնելով,- արա, դե լավն են, հո զոռով չի:
- Տղերք,- մեջ ընկավ Վահագը,- կին ասեցիք, հիշեցի, մի հատ ծիտ կա, շատ լավ ծիտ, աչքիս սիրահարվել եմ, քաքի մեջ ենք:
- Բա ծտին կսիրահարվե՞ն,- ծիծաղեց Հրաչը,- հո դու զոոֆիլ չես:
- Արա, դե լուրջ բան եմ ասում, մի ապուշացի:

Հրաչը սկսեց Վահագի հոգու հետ խաղալ, Վահագը նայեց ինձ ու ասաց.
- Մի բան ասա, գրող տղա ես, ասա` ինչ անեմ:
- Ես էդ հարցում լավ խորհրդատու չեմ,- ասացի,- մանավանդ էսօր:
- Արա, բայց ինչ մարդ դուրս էկար, ասում եմ սիրահարվել եմ, գոնե ուրախանաս... շատ լավն ա է... իրա ոտով էկավ, ինձ գտավ:
- Իմ մոտ էլ հակառակն ա,- ասացի,- իրա ոտով հելավ-գնաց:
- Ո՞վ:
- Կինը:
- Ու՞մ կինը,- ծիծաղեց:
- Աշխարհի ամենասիրուն աչքերով կինը,- ասացի:

Հրաչը փռթկաց:
- Վահագ, էս գրողների կյանքն էլ կյանք չի, մեզ էգերը սիկտիր են անում, իրանց աշխարհի ամենագեղեցիկ աչքերով կանայք լքում են:
- Հա,- ասաց Վահագը,- ընդհանրապես նույն քաքն ա, իրանց էլ են նույն ձևով սիկտիր անում, ուղղակի գեղարվեստական:

Տղերքի ծիծաղը պայթեց <<Զորիկնոցում>>:

...Բակ վերադառնալու ճանապարհին Հրաչը շուրջօրյա կրպակից ամենքիս մի շիշ գարեջուր առավ: Շենքի մոտ էդ էլ դատարկեցինք: Հրաչն ու Վահագը բարձրացան տուն, ես ու Կանտը մնացինք:
- Դե ասա:
- Ի՞նչ ասեմ, Կանտ:
- Բան չունե՞ս ասելու:
- Ի՞նչ պիտի ունենամ:
- Ուրիշ ես, ախպերս, ոնց որ դու չլինես:
- Չէ,- ասացի,- հազար տարի չես տեսել, դրանից ա:
- Ես քեզ տասը հազար տարի էլ չտեսնեմ, մեկ ա, հինգ մատիս պես գիտեմ, տղերքի մոտ չուզեցի խոսեմ, ի՞նչ ա էղել:
- Կանտ, խի՞ ես նույն հարցն անընդհատ տալիս, ասում եմ` ամեն ինչ լավ ա:
- Էդ կինն ո՞վ ա:
- Ո՞ր կինը:
- Էն կինը:
- Բան էր, ասեցի, թարգի:
-Դու գիտես, չես ուզում, մի ասա: Գնացի` քնեմ: Դեռ հինգ օր` ստեղ եմ, կտենանք: Բարի գիշեր:

Կանտին շատ էի կարոտել, բայց եթե անկեղծ, էդ գիշեր թքած ունեի` ինչքան պիտի մնա, երբ պիտի գնա... ինձ աշխարհի ամենագեղեցիկ աչքերով կինը դուրս էր շպրտել կյանքից...
Մի քիչ էլ եմ մնում բակում, տուփի վերջին ծխախոտն եմ վառում: Սևոյի մեքենան կանգնում է շքամուտքի առաջ, կինը երջանիկ հայացքով նայում է պատուհանից... Ամուսինը տուն է եկել` գործնական հանդիպման...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին