▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ

Երբ մենք հետադարձ հայացք ենք նետում մեր կյանքի անցած ուղուն և մանրակրկիտ, ուշի-ուշով հետևում մեր կատարած քայլերին, արարքներին ու ամենակարևորը նրանց հետևանքներին, հաճախ չենք կարողանում հասկանալ թե ի՞նչպես կարող էինք կատարել այս կամ այն բանը և չանել մեկ ուրիշը, կամ երրորդը…Այնպես է ստացվում, որ կարծես ինչ-որ օտար մի ձեռք ուղղություն է տալիս մեր քայլերին կամ ուղղորդում մեզ:
Գյոթեն «Էգմոնտում» ասում է. «Մարդուն թվում է, թե ինքն է ապրում իր կյանքը, որ սեփական գործողությունները կառավարվում են իր կամքով: Իրականում, մարդու մեջ նախապես դրված սրբազան ուժերը նրան անկասելիորեն առաջնորդում են իր ճակատագրին ընդառաջ»:

Հաճախ նաև ապրում ենք խավարի մեջ խարխափելով, ինքներս մեզ հետ անհաշտ, զանազան անիմաստ մտքերով, նպատակներով ու պարտականություններով ծանրաբեռնված, հաճախ չհասկացած, չգնահատված, չսիրված…
Մարդու հոգին իմաստակիր պատկերացումների մի իսկական շտեմարան է ու ցավոք շատ հաճախ նրան դրսից ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող օգնել… Դու ինքդ պետք է քեզ հետ կռիվ չտաս, պետք է հաշտ ու խաղաղ լինես ինքդ քեզ հետ, սիրես ու վստահես քեզ, չկասկածես քո քայլերի, քո մտքերի, քո սրտի ու զգացումների վրա… Սիրես ու վստահես, վստահորեն գնաս քո ընտրած ճանապարհով, այդ դեպքում ամեն-ամեն բան քեզ կհաջողվի: Այնժամ ոչ միայն ճոպանի վրայով կքայլես լարախաղացի նման, այլ կվազես ալիքների վրայով, կթռնես, նույնիսկ կսավառնես, կճախրես երկնքում…

Ապրել է պետք, ճախրել, սավառնել, ապրել լիարժեք…Կյանքը կանցնի կայծակի պես ու դու չես զգա դա…Հաճախ դու նստած ես լիքը հաջողությունների կամ սիրո գավաթի առաջ և չես ուզում ապրել, չես ուզում ըմպել, չես ուզում հասկանալ թե ինչքան արագ է թռչում ժամանակը և որքան փոփոխական է կյանքն ու պետք չէ սպասել, ուղղակի ապրել է պետք, ապրել լիարժեք, շնչել լիաթոք…

Սիրո կամ նման հիասքանչ յուրաքանչյուր զգացման հանդեպ անարդար վարվելով, մենք մարում ենք մի հույս, մի աստղ, մի վեհ կարևոր բան, մարում ենք անվերադարձ…Այն որ սիրում ես կարող է և ուշադրության չարժանանա…Սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ, չնայած կարևոր է ու ցանկալի: Սիրված լինելը բոլորովին էլ այն երջանկությունը չէ: Սիրելը` ահա թե որն է իսկական երջանկությունը…Իսկ դա ոչ բոլորն են հասկանում և ոչ բոլորն են ունակ այդ վեհ ու մեծ զգացումին…Եվ ոչ բոլորն են ունակ գնահատել այն...

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին