▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանում քննվեց Առաքել Մովսիսյանի գործով ներկայացված բողոքը. ՀՔԱՎ

2015 թ. օգոստոսի 31-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, քննվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թ. հունիսի 26-ի որոշման դեմ բերված բողոքը:

Հիշյալ որոշումը կայացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման քննության արդյունքում: 2015 թ. օգոստոսի 31-ի բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Սաքունցը և ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը: Վ. Ավետիսյանը դատարան ներկայացրեց կազմակերպության հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որոնց Ա. Սաքունցը ծանոթացավ դատական նիստի ընթացքում:

Դատարանի կողմից բողոքի քննության կարգը սահմանելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը ներկայացրեց բողոքը: Ա. Սաքունցն իր բողոքում ներկայացրեց հիմնավորումներ այն մասին, որ Ա. Մովսիսյանի արարքում առկա են սպանության սպառնալիքի հանցակազմի տարրերը: Մասնավորապես, Ա. Մովսիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և նրա ընտանիքի մասին կատարված հայտարարությունների վերաբերյալ հարցազրույց տալու ընթացքում հայտնել է, որ «Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ…» այնուհետև նշում է. «…Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»:

Ա. Սաքունցը նշեց, որ սպառնալիքը եղել է կոնկրետ և իրական ու դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ա. Մովսիսյանի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի և նրա ընտանիքի մասին համացանցում որևէ այլ հրապարակում չի կատարվել, այսինքն՝ հնչեցված սպառնալիքից հետո այլևս հրապարակավ կարծիքներ չեն արտահայտվել,  հետևաբար՝ սպառնալիքի իրական և կոնկրետ լինելու մասին հիմքեր չկան: Վ. Ավետիսյանը նշեց, որ Ա. Մովիսիսյանից բացատրությունից չի վերցվել, քանի որ խոսքը անձին քրեական պատասխանատվության ենթարկելու առիթ չէ, իսկ առիթի և հիմքերի բացակայության դեպքում քրեական գործ չէր կարող հարուցվել: Այսպիսով, Վ. Ավետիսյանը խնդրեց մերժել ներկայացված բողոքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին