▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջին դաս»-ը՝ Մանկական երկաթուղու զբոսայգում

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների հերթական առաջին դասարանցիները, ավանդույթի համաձայն, Գիտելիքի և դպրության օրվա երեկոն անցկացրին Մանկական զբոսայգում: Վարչական շրջանի կողմից կազմակերպված «Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառման շրջանակում արվել էր հնարավորը, որպեսզի առաջին դասարանցիների ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:
Փոքրիկները նախ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել էին մայրաքաղաքում, այնուհետ հենց նույն ավտոբուսներով էլ հասել զբոսայգի: Տեղում արդեն հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ կազմակերպված ուրախ և անակնկալներով լի միջոցառման շրջանակում փոքրիկներին իրենց կատարումներով ողջունել են մանկական համույթների տաղանդաշատ երեխաները: Իսկ նկարչության փոքրիկ սիրահարներին էլ տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր երազանքները: Փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում, բացի այդ, նրանց նաև հյուրասիրել են պաղպաղակ ու հյութեր:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ շրջել է զբոսայգու տարածքում, հետևել երեխաների ստեղծագործական աշխատանքներին, զրուցել նրանց հետ ու մեկ անգամ ևս շնորհավորել նոր ուսումնական տարվա առթիվ:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ փոքրիկները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից նաև գրքեր են նվեր ստացել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին