▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է այդ Մամեդզադեն

Ադրբեջանական մարտաշունչ կայքերից մեկը հոդված է հրապարակել «Լիտվայի մեր դեսպանը մոռացել է Ղարաբաղը» վերնագրով: Հոդվածի սկզբում կայքը հիշեցնում է, որ 2014թ. հուլիսին Ադրբեջանի արտգործնախարարությունում տեղի ունեցած դիվանագիտական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիևը ներկաների առջև հստակ խնդիրներ է դրել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանձնացնելով իբրև Բաքվի արտաքին քաղաքականության գերակա հարց, Ադրբեջանի նախագահը դիվանագետներից պահանջել է համաշխարհային հանրությանը ներկայացնել այդ հակամարտության «ճշմարտացի պատմությունը», այսինքն՝ կեղծիքի մեջ թաթախված ադրբեջանական դիրքորոշումը: Իսկ ի՞նչ է կատարվել բոլորովին վերջերս: Կատարվել է ամենասոսկալին. Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հարցազրույց է ունեցել լիտվական կայքերից մեկի հետ և… օ´ սարսափ, վերջում լիտվացիներին պաշտոնապես հրավիրել այցելել Լեռնային Ղարաբաղ: «Թվում էր, թե դրան իսկույն կհետևի Ադրբեջանի դեսպանության ծարակշիռ խոսքը,- գրում է ադրբեջանական կայքը,- և ցասումնալից պատասխան կտրվի հայ պաշտոնյային:

Բայց ոչ, դեսպանատունը ծպտուն չի հանում»: Ահա այստեղ է, որ կայքի հոդվածագիրը՝ ոմն Թամիլա Ալիևա, փրփուրը բերանին հարց է տալիս՝ իսկ ո՞վ է այդ Հասան Մամեդզադեն: Լիտվայում իր ամբողջ գործունեության ընթացքում նա գրեթե ոչ մի բանով աչքի չի ընկել, նույնիսկ հերթապահ միջոցառման հերթապահ թղթակցությամբ: Եվ քանի որ Թամիլայի զայրույթը շարունակում էր խեղդել իրեն, նա հարձակվում է Լիտվայի արտգործնախարարության վրա, որը, նկատի առնելով Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը, կարող էր…ուշադրությո´ւն. կարող էր Արա Այվազյանին «անցանկալի անձ» հայտարարել և արտաքսել երկրից:

Այս բարբաջանքից հետո հոդվածի հեղինակ Ալիևան փոքր- ինչ հանդարտվում է և իբրև սկզբունքային ու հայրենասեր դեսպանի նշում ՌԴ- ում Ադրբեջանի դեսպան, երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլուի անունը: Պարզվում է, որ ադրբեջանական այս զառամյալ գիշանգղն իր յուրաքանչյուր աշխատանքային օրն սկսում է ոչ միայն ռուսական ու ադրբեջանական, այլև…հայկական մամուլում հրապարակված նյութերի ընթերցանությամբ, որպեսզի… պարզ է, թե ինչու: Հեռատես հոդվածագիրը գաղտնի է պահում այն խողովակները, որոնցով

Փոլադ էֆենդուն են հասցվում հայկական հրատարակությունները, որոնցից նա տեղեկանում է, թե ինչով է զբաղված թշնամին: Այս հոդվածի համառոտ շարադրանքից անգամ տեսանելի է, թե մտագարության որ աստիճանի վրա են հայտնվել մեր ոխերիմ հարևանի մտավորական դիվանագետներն ու լրագրողները: Ամեն դեպքում՝ հումորով վերաբերվեք այս ամենին:

 

 

Վաչագան Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին