▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու հրամանատար` ճակատագրի խաչմերուկներում...

Նկարում զորավար Դրաստամատ Կանայանն է ու վրացի գեներալ Գեորգի Կվինիտաձեն` զինակիցների հետ: Ուշագրավ է, որ երկու զինվորականների ճակատագրերը շատ նմանություններ ունեն: Նրանք դեռևս 1914-16 թթ. Կովկասյան ճակատում ուս ուսի տված քաջաբար կռվում էին ռուսական բանակի կազմում` թուրքերի դեմ: Հետագայում երկուսն էլ զբաղեցրել են իրենց նորանկախ երկրների բարձրագույն զինվորական պաշտոնները, 1920-21 թթ. մարտեր են մղել Հայաստանի ու Վրաստանի անկախությունը պաշտպանելու համար, իսկ խորհրդայնացումից հետո երկուսն էլ արտագաղթել են և մահացել օտարության մեջ: Միայն մեկ անգամ ճակատագիրն այդ երկուսին հանեց դեմհանդիման: Դա 1918 թ. դեկտեմբերին էր` հայ-վրացական ռազմական կոնֆլիկտի օրերին, և այդ արտակարգ իրավիճակում նրանցից մեկը պետք է հաղթած դուրս գար, իսկ մյուսը` պարտված:

1918 թ. աշնանը վրացական զինուժը ռազմակալել էր Լոռու չեզոք հայտարարված գոտին` փորձելով բռնակցել այն Վրաստանին: Այդ զորամիավորման, վրացական հարավային կորպուսի հրամանատարն էր նույն ինքը` Գեորգի Կվինիտաձեն: 1918-ի դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունն արտակարգ նիստում հանձնարարում է Դիլիջան-Լոռի զորախմբի պետ Դրաստամատ Կանայանին՝ մաքրել Լոռին վրացիներից: Զորավար Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զինուժի կողմից իրականացրած մեկշաբաթյա այդ բլիցկրիգը դասվում է Հայոց բանակի կողմից տարած ամենափայլուն հաղթանակների շարքին: Ամեն ինչ ավարտվում է Դրոյի կողմից ղեկավարած հայկական ուժերի լիակատար հաղթանակով. վրացական բանակը Կվինիտաձեի հրամանատարությամբ պարտություն է կրում:

Դեկտեմբերի 31-ին դաշնակից պետությունների միջամտությամբ կնքվում է զինադադար, ու Լոռին վերջնականապես անցնում է Հայաստանին:

Ռուբեն Շուխյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին