▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ, որ Ռուսաստանին շատ ծանր ժամանակներ են սպասում

Արտոնելով իր զինված ուժերի օգտագործումն Իսլամական Պետության դեմ Սիրիայի տարածքում, ռուսաստանյան իշխանություններն, այդպիսով, փաստորեն որոշում կայացրեցին միաժամանակ անմիջական մասնակցություն ունենալ ՌԴ տարածքից դուրս ընթացող հաշվով արդեն երկրորդ (առաջինը՝ ուկրաինական ճգնաժամն է) լայնամասշտաբ զինված հակամարտությանը: Պատկերացնում եմ, թե ինչ հրճվանք պատճառեց այս որոշումը Կրեմլի գործընկեր-հակառակորդներին՝ այժմ հնարավոր կդառնա Մոսկվայի վրա բարդել աշխարհի տակ եղած բոլոր մեղքերը և, հատկապես, Սիրիայի մոտալուտ հնարավոր մասնատման ողջ պատասխանատվությունը: Պատահական չէ, որ հատկապես հիմա արևմտյան կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչները սկսել են հայտարարություններ անել այդ երկրի տրոհման անընդունելի լինելու վերաբերյալ: Ուշագրավ է նաև այն, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում (մոտավորապես այն ժամանակահատվածի շրջանակներում, որն անհրաժեշտ կլինի, որպեսզի Ռուսաստանն առավելագույնս ներգրավվի Սիրիայում ընթացող պատերազմական գործողություններում) ՌԴ-ի համար որոշակիորեն կմեղմվի Ուկրաինայում առկա ռազմական դիմակայության սրությունը: Ուկրաինական բանակի և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի զինյալների շփման գծում տեղի ունեցող անմիտ և անարդյունավետ փոխհրաձգությունների փոխարեն պաշտոնական Կիևը կնախաձեռնի ռուս-ուկրաինական դեռևս պահպանվող երկկողմ տարաբնույթ շփումների և կապերի խզում կամ առավելագույն սահմանափակում և այս համատեքստում ռուսական ավիաընկերությունների կողմից Ուկրաինայի տարբեր քաղաքներ իրականացվող չվերթները դադարեցնելու և այդ երկրի օդային տարածքը տարանցիկ թռիչքների համար օգտագործելու արգելքը կարելի է համարել նշված ուղղությամբ արված առաջին, սակայն ամենևին էլ ոչ վերջին քայլը: Հավանաբար, եթե արտակարգ հանգամանքների թելադրանքով իրավիճակի փոփոխություն տեղի չունենա, իրադարձություններն առաջիկա հինգ-վեց ամիսների ընթացքում հենց այս հունով են զարգանալու: Այդուհանդերձ, հնարավոր է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում կամ Մերձդնեստրում զինված գործողությունների վերսկսման և բռնությունների ծավալման սցենարները ժամանակից շուտ գործարկվեն նաև այն դեպքում, եթե ՌԴ կողմից սիրիական հակամարտության ընթացքին մասնակից դարձված ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններն այնչափ արդյունավետ լինեն, որ հարցականի տակ կդնեն Իսլամական Պետության ու նախագահ Ասադին ընդդիմադիր ուժերի հետագա գոյությունը: Թերևս հիասթափեցրած կլինեմ նախագահ Պուտինի ռուսաստանյան և հայաստանյան գաղափարական հակառակորդներին, որոնք լիահույս են, որ մոտ ապագայում նա պաշտոնանկ է լինելու՝ ՌԴ գործող ղեկավարը կպահպանի իր իշխանությունն ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ նախագահական ժամկետի ընթացքում, եթե ինչ-ինչ նկատառումներից ելնելով անձնապես չորոշի հեռանալ պաշտոնից: Արդի աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ Արևմուտքի հիմնական ուժային կենտրոններն, անկախ պաշտոնական Մոսկվայի հետ այսօր ունեցած բոլոր տեսանելի ու աներևույթ հակասություններից, իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի Վլադիմիր Պուտինը շարունակի պաշտոնավարել առնվազն առաջիկա յոթ-ութ տարիների ընթացքում՝ ներկայումս ոչ Ռուսաստանում, ոչ էլ դրա սահմաններից դուրս չկա մի այնպիսի ռուս քաղաքական կամ հասարակական գործիչ, որն ի զորու կլինի մոտակա տարիներին համարժեքորեն փոխարինել ՌԴ գործող նախագահին: Կարծում եմ, որ Ռուսաստանին շատ ծանր ժամանակներ են սպասում՝ այդ երկիրը բախվելու է աննախադեպ մարտահրավերների, որոնց հակազդելու վերաբերյալ որոշումները ռուսաստանյան բարձրագույն իշխանությունները ստիպված են լինելու կայացնել ներքին տնտեսական անկման և ցավոտ արտաքին սահմանափակումների և սպառնալիքների առկայության պայմաններում:

 

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին