▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդել Հիլզի խարդախ պահվածքը...

23.10.2008 թվականին «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության հետ  կնքել եմ «Բնակարանի առուվաճառքի մասին նախնական պայմանագիր» որը օրենքով սահմանված կարգով ստացել է նոտարական վավերացում: Սկսեցի պարտաճանաչ վճարել գումարը: Ընկերությունը պարտավորվել էր բնակարանը հանձնել դեռևս 2011թ.-ին, ինչը չկատարեց, խնդրեցին, որ հիպոտեքային վարկ վերցնեմ, որպեսզի նրանք ստանան բնակարանի համար անհրաժեշտ ամբողջ գումարն ու ավարտեն կառուցապատումը: Ընդառաջելով նրանց՝ համաձայնեցի, որ կառուցապատումն ավարտեն 2012թ.-ին, հիփոթեքի պայմանագիր կնքեցի ՎՏԲ-ի հետ, արդյունքում՝ Գլենդելը ստացավ ամբողջ գումարը, որը պայմանագրով նախատեսված էր բնակարանի համար:

Արդեն 2015թ.-ն է, իսկ ես մինչև հիմա փակում եմ հիփոթեքի վարկն ու բնակարանի սեփականության վկայական չեմ ստացել: Առավել ևս տեղեկացա, որ Գլենդելը վկայականը չի տրամադրում, քանի որ նույն բնակարանն ընկերությունը հիփոթեքի տակ է դրել նաև Ամերիա բանկում: Ասում են, որ հիմա գումար չունեն ու, եթե ես ուզում եմ մինչև իրենց սննանկացումը ստանալ վկայականը, ապա պետք  է վճարեմ նաև Ամերիա բանկի հանդեպ ունեցած Գլենդելի ֆինանսական պարտքը...

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում նույն ընկերությունն այնքան քաջություն ունի, որ նույն բնակարանը 2 անգամ տարբեր բանկերում գրավի տակ է դնում... Իհարկե դիմել եմ դատարան, բայց խնդիրն էլ նրանում է, որ նույն Գլենդելից հայտնել են, որ գնում են սննկացման ու ես չեմ հասցնի վճիռ ստանալ... Ես չեմ պատրաստվում վճարել ուրիշի խարդախության համար, վճարում եմ ամեն ամիս ՎՏԲ-ից ստացված հիփոթեքի տոկոսներն ու մայր գումարն օրենքի շրջանակներում...

Տեղեկացնում եմ Գլենդել Հիլզի սեփականատերերին, որոնք քաջ հայտնի են բոլորին, որ կարող են հեշտությամբ փակել իրենց պարտքն Ամերիա բանկին՝ խոսքը 13000 դոլլարի մասին է ու հանձնեն իմ բնակարանի սեփականության վկայականը: Երկրի ղեկավարությունն Ապահով Հայաստանի մասին էր խոսում, եթե կա այդ Ապահով Հայաստանը, ապա կարծում եմ՝ այս հարցը շատ արագ կլուծվի...

Ներկայումս աշխատում ու սովորում եմ Չինաստանում, չինացի ընկերներիս, ովքեր ներկայացնում են, թե՛ տեղի գործարար աշխարհը, թե՛ ընդգրկված են կառավարության օղակներին պատմում եմ ՀՀ-ի մասին, հորդորում եմ ներդրումներ կատարել…բայց եթե ես տեր չկանգնեցի, այսինքն ՀՀ-ն չպատժեց Գլենդելին իր խարդախ գործունեության համար, ապա ոչ մեկի մոտ հետաքրքրություն չի լինի ներդրում կատարել ՀՀ-ում:

Ուղղակի գործընկերներս ու ընկերներս իմանալով դեպքի մասին, կմտածեն, որ ՀՀ-ն տեր չի կանգնում նույնիսկ հային, իսկ ինչու՞ պետք է տեր կանգնի օտարին…Գլենդելի, թե՛ երիտասարդ աշխատակիցներին, թե՛ սեփականատարերին հորդորում են զերծ մնալ խարդախություններից, քանի որ թող համոզված լինեն, որ սննկացումը պատասխանատվությունից չի ազատելու իրենց…Ավելի լավ է արագ հանձնեն բոլոր բնակարաններն ու զերծ մնան հետագա անախորժություններից:

Մհեր Սահակյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին