▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորներին, որոնց դուք այսօր քննադատում եք, «ստեղծել, բուծել» և ԱԺ-ում «սածիլավորել եք» դուք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ` Բաղրամյան փողոցում, ԱԺ ճաղապատ պարիսպների մոտ, ՀԱԿԿ-ՈՉ-ականների մի խուբ կրկին ակցիա էր անցկացնում և «ՈՉ»-երի պլակատներով պայքարի իմիտացիա, պատրանք էին ցանկանում ստեղծել: 
Եվ ո՞վ, ինչու՞ և ունե՞ն ՀՀՇ-ՀԱԿԿ-ականները դրա բարոյական իրավունքը… Այսօր ամնեզիայի մեջ ընկնելով, հրեշտակի թևերով, չքմեղացած նրանք փորձում են իրենց ղեկավարած տարիները ներկայացնել որպես արդարության, ազնվության, անկաշառության, երանության տարիներ` մոռանալով, որ մենք` շատերս, ոչինչ չենք մոռացել… Շատ լավ հիշում ենք նաև 1995 թվականին Սահմանադրության անցկացումը ԱԺ-ում, քվեարկության ընթացքում կեղծիքները, լցոնումները, նկարչությունը, ընտրական կեղծիքների նրբագույն ժամանակակից ձևերի ներդրման գործընթացները: Ամեն ինչ… Հիշում ենք ու գիտենք, որ եթե այսօր դուք անընդհատ շահարկում եք, տարփողում օլիգարխիկ ռեժիմի, կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահումների և մնացած այլ արատավոր երևույթների մասին, մոռանում եք, որ եթե հիմա կան էլ նման երևույթներ, ապա դրանց հիմքը գցվել և հետագա կատարելագործումը կատարվել է ձեր օրոք, ձեր թեթև ձեռքով ու օրհնությամբ: Եթե կան էլ պատգամավորներ, որոնց դուք այսօր քննադատում եք մտավոր ցածր ունակությունների, «հավատափոխության», թռնելու, կզելու համար, ապա նրանց «ստեղծել, բուծել» և ԱԺ-ում «սածիլավորել եք» դուք: 
Ու այսօր պետք չի չքմեղանալ և փորձել հրեշտակ ձևանալ, ներկայանալ ազնվության, արդարության ջատագով ու «պայքարիստ»… Բոլորը շատ լավ հասկանում են, որ դուք ձեր պայքար-պայքարով փորձում եք հասնել նախկին իշխանական լծակներին: Իսկ եթե էլի կլինեն ամնեզիայով տառապողներ կամ անփորձ երիտասարդներ, որոնք կհամագործակցեն ձեզ հետ, ապա նրանք շատ արագ կվարկաբեկվեն ու վստահության քվե չեն ունենա ժողովրդի կողմից: Իրական ընդդիմադիրները` եթե կան այդպիսիք, պետք հեռու մնան ձեզանից… Եթե ոչ, ապա նրանց կմնա ձեր անիմաստ «պայքարիստական» ոճով ԱԺ-ի կամ այլ շենքի ճաղասյուների փոշին մաքրել, քամուց քշվածների նման…


Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին