▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան մտնում է վտանգավոր խաղի մեջ

Կարծում եմ, որ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, որքան էլ որ զարմանալի լինի` միանշանակ մտածված ու լավ մշակված գործողություն է Էրդողանի ազգայնական Թուրքիայի կողմից: Թուրքիայի հաշվարկը պարզ է` ամեն գնով ստեղծել մի նոր, ավելի լուրջ առճակատման դաշտ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, պարզ ասած` վերջնականապես «կռվացնել» ռուսներին ու ամերիկացիներին: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիան ներկայումս այլ ելք չունի՝ քրդական անկախ պետության ստեղծման տեսլականը ավելի ու ավելի է իրատեսական դառնում շատ մոտ ապագայում: Իսկ դա Թուրքիայի համար լի է սարսափելի հետևանքներով և հաստատ տանելու է այդ ճահճացած «կայսրության» կործանմանը: Այս էքստրեմալ հանգամանքներում Թուրքիային մնում է միայն գնալ նմանատիպի բախտախնդրությունների ու ինչպես աում են` փորձել «ձուկ որսալ պղտոր ջրում»՝ որպիսի ինչ որ կերպ դուրս պրծնել իր համար այս շատ վտանգավոր իրավիճակից:

Փաստենք նաև, որ այսօրվա Ռուսաստանը՝ Թուրքիայի առումով կամա թե ակամա ուղղակի «համտեսում» է իր ապաշնորհ նախորդ իշխանավորների «ցանած սերմերի պտուղները»: Ժամանակին Խորհրդային Ռուսաստանը մեծապես աջակցեց ու զինեց քաղաքական ավանտյուրիստ, խաղամոլ և ինչպես արդեն ապացուցված է՝ ուղղակի անհույս հարբեցող Մուսթաֆա Քեմալին՝ փրկելով հանցավոր ու ցեղասպան Թուրքիան արդեն որոշված մասնատումից: Եվ այդ ամենն անելով՝ հայկական բնիկ տարածքների հաշվին: Իսկ հիմա արդեն Ռուսաստանը Թուրքիայից բնականաբար պետք է ստանար այս «դավադրական հարվածը թիկունքից»՝ ինչպես այսօր բառացիորեն հայտարարեց ներկայիս ռուսական լիդերը:

1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական «հավերժ բարեկամության և երկկողմանի ջերմ սիրո հավաստման» խայտառակ պայմանագրի կնքմանը նախորդաց օրերին՝ «հոգեկան քրոնիկ պարանոյա» ախտորոշմամբ այն ժամանակվա Ռուսաստանի առաջնորդ Լենինը ասում էր. «Հայտնեք մեր հայ գործընկերներին, որ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի` իրենք պարտադիր պետք է զոհեն իրենց երկրի տարածքները` հօգուտ մեր բարեկամ քեմալական Թուրքիայի»: Իհարկե, այն ժամանակվա հայ ապազգային «գործընկերները» հլու և հնազանդ ենթարկվեցին այդ իրենց «վերադասի» հակահայկական կարգադրությանը, և ինչպես ասում են՝ հիմա ռուսներն ունեն այն՝ ինչ ունեն:

Միանշանակ է, որ տարածաշրջանի ներկայիս անկանխատեսելի իրավիճակում մենք պետք է շատ զգուշավոր ու զգոն լինենք՝ սա բնավ էլ մեր պատերազմը չի: Մենք արդեն մեկ անգամ անասելի տուժել ենք՝ 1-ին համաշխարհայինում, երբ հայկական գործոնը դավադրաբար ու անմարդկային կերպով օգտագործեցին օտարները՝ իրենց հանցավոր ծավալապաշտական շահերի համար: Այդ ամենը՝ մեծագույն դաս պետք է դառնա բոլորիս համար:

 

 

 

Ռուբեն Շուխյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին