▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ԶՈւ-ն ռուսական ռմբակոծիչի մասին հայտարարություն է տարածել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական Սու- 24 ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։

Թուրքիայի օդային տարածքը խախտած ռուսական օդանավը խոցելու ժամանակ թուրքական հրամանատարությունը տեղյակ չի եղել, թե այն իրականում որ երկրին է պատկանում։ Այս մասին ասված է Թուրքիայի զինված ուժերի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Թուրքիայի ԶՈՒ-ն շեշտել է,  որ «Սու-24»-ի խոցումից հետո Թուրքիայում ՌԴ ռազմական կցորդին հրավիրել են ԶՈՒ գլխավոր շտաբ և  մանրամասներ ներկայացրել տեղի ունեցած միջադեպից։

«ՌԴ ռազմական կցորդի հետ հանդիպման ժամանակ հայտնել ենք, որ Թուրքիայի օդային տարածքը խախտած օդանավին 10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել։ Այդ ժամանակ մեզ հայտնի չի եղել թե որ երկրի ռազմական օդանավ է այն: Բացի դրանից՝ մենք հեռախոսով կապվել ենք Ռուսաստանի զինվորական պատասխանատուների հետ և նշել, որ պատրաստ ենք ամեն տեսակ համագործակցության»,- նշված է հայտարարության մեջ։ Թուրքիայի ԶՈւ-ն հայտարարել է, որ  ջանքեր է գործադրել՝ հայտանբերելու ու փրկելու օդաչուներին։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին  կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին