▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն ստացավ Սահակաշվիլի II կարգավիճակը

Կարելի է ասել, որ Սիրիայի օդային տարածքում ռուսական ռմբակոծիչի խոցումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ռուսաստանի քաղաքական ղեկավարության վրա տարաբնույթ ճնշումներ գործելու համընդգրկուն մարտավարության համատեքստում, ստացավ Սահակաշվիլի II կարգավիճակը: Այս երկուսի նմանությունը չի սահմանափակվում միայն նրանով, որ նախագահ Պուտինի համար նրանք այլևս հավասարապես անընդունելի են ինչպես քաղաքական պահվածքի առումով, այնպես էլ իր հետ անհամատեղելիության աստիճանի մերժելի են անհատական, մարդկային որակների տեսանկյունից: Պարզապես, ի տարբերություն փոքրիկ և ռազմական հզորության տեսանկյունից Ռուսաստանի հետ անհամեմատելի Վրաստանի նախկին նախագահի, Թուրքիայի այսօրվա ղեկավարի տրամադրության տակ եղած մարդկային, տնտեսական, տեխնիկական, ռազմական և քաղաքական ռեսուսներն անհամեմատ ավելի մեծ են, իսկ իրական լիազորություններն էլ՝ ավելի ծավալուն: Ուստի, ստանձնելով Սահակաշվիլի II դերը ՌԴ հետ հարաբերություններում, նախագահ Էրդողանը Թուրքիայի համար կանխորոշեց աշխարհաքաղաքական որակապես նոր, շատ ակտիվ ու նաև այլոց կողմից պահանջված դերակատարման ստանձնումը մի հսկայական տարածքում, ուր այդ երկրի ազդեցության աճի գաղտնի փուլը կարելի է այլևս ավարտված համարել: Ռուսական ռազմական օդանավի կործանումն ընդամենը առիթն է Թուրքիայի նոր քաղաքական դերակատարման մեկնարկը տալու համար: Ըստ էության այդ միջադեպը կարող ենք համարել Թուրքիայի և անձամբ նախագահ Էրդողանի այս՝ շատերի համար բախտորոշ, աշխարհաքաղաքական նորամուտի շնորհանդես: Երևի թե շուտով Մոսկվային կհիշեցնեն, որ ներկայիս Ռուսաստանի մերձսևծովյա տարածքները ժամանակին թուրքապատկան հողեր են եղել: Իրական աշխարհաքաղաքական գործընթացը հին օրերի առասպելաբանությամբ քողարկելու մարտավարությունը, թերևս, շատերին շփոթության կմատնի ու եթե հակախաղն ընտրելիս ռուսական իշխանությունները տուրք տան իրենց հրամցվող խորհրդապաշտությանը, ապա կարող են շատ լուրջ ու դժվար հաղթահարելի սպառնալիքների առջև կանգնել:

Արման Մելիքյան 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին