▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ՀՀ-ում հանցագործություն պլանավորած Արթուր Վարդանյանը.Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որի նպատակն է եղել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի հաղորդմամբ՝ այս պահին ձերբակալվածների թիվը 21-ն է։

Ձերբակալված Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով.

«Մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու և ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Երկուսն էլ ծանր հանցագործությունների շարքին են դասվում և նախատեսված է ազատազրկում մի դեպքում 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի: Արթուրը առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն մտացածին է համարում: Քանի որ նախաքննություն է ընթանում, այլ տեղեկություն չեմ կարող տալ»,-ասաց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանն, ապա, որոշ տեղեկություններ ներկայացրեց Արթուր Վարդանյանի և ընտանիքի մասին.

«Արթուր Վարդանյանի հայրը եղել է ազատամարտիկ, հետախույզ: Բազմիցս անցել է թշնամու թիկունքը: Ասում են, որ մահացել է և նրա դին փոխանակել են ադրբեջանցի գերու դիակի հետ: Իսկ որդին՝ Արթուրը, փայլուն կրթություն է ստացել Եվրոպայում, ապրել է բարեկեցիկ կյանքով, ամուսնացած է, ունի անչափահաս երեխաներ: Իր ներդրումն է ունեցել Քեսաբի ազատագրման գործում»:

Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախումբը հրեշավոր հանցագործություններ էր ծրագրել, Բաղդասարյանն արձագանքեց.

«Անգամ եթե ԱԱԾ ղեկավարը նման հայտարարություններ է արել, անմեղության կանխավարկածի առումով ես խնդիր եմ տեսնում: Ցավոք, Հայաստանում կարող են մարդուն իջեցնել ու նույն մարդուն բարձրացնել»:

Ինչ վերաբերում է մեծ քանակությամբ զենքին՝ փաստաբանը նկատեց.

«Զենքի վերաբերյալ Արթուր Վարդանյանի պատասխանը կստանանք նախաքննության ավարտից հետո»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին