▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանին խորհուրդ ենք տալիս «կրակի հետ չխաղալ»․ Էրդողան

Թուրքական ռազմաօդային ուժերը ռուսական Սու-24 ինքնաթիռը դիտավորյալ չեն ոչնչացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթ նահանգում ելույթի  ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր օդային տարածքը խախտած ինքնաթիռը կործանվել է մեր F-16-երի կողմից: Չնայած տասը նախազգուշացումներին՝ ինքնաթիռը շարունակում էր շարժվել դեպի մեր սահմանը, իսկ դրա պատկանելիությունն անհայտ էր»,- պնդել է նա։

Էրդողանը հիշեցրել է, որ «սահմանի առաջին խախտումները թույլ են տրվել Ռուսաստանի կողմից հոկտեմբերի 3-4-ին»:

«Դա երրորդ խախտումն էր: Երկու նախորդ միջադեպերից հետո ես զանգահարել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և դա տգեղ միջադեպ անվանել: Մենք խոսել ենք նաև G20 գագաթաժողովի ժամանակ։ Նա առաջարկել է դա ընդունել որպես հյուրերի հետ տեղի ունեցող միջադեպեր: Ես էլ ասացի, որ չհրավիրված հյուրեր պետք չեն»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև նախազգուշացրել է Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ» Սու-24-ի հետ կապված միջադեպի առնչությամբ: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ չի ցանկանում վնասել ռուսական իշխանությունների հետ հարաբերություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը կործանել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը` պնդելով, որ այն հատել է թուրքական սահմանը։ Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռազմական օդանավի հետ կապված  միջադեպը համարել է Էրդողանի կողմից «հարված թիկունքից»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին