▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ սպանվեց «Անելիք» բանկի աշխատակիցը. ևս մեկ վարկած, որ կարող էր սպանության պատճառ դառնալ

 

2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանվել է «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը:
 
Ավելի ուշ պարզվեց, որ սպանությունը կատարել է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը: Քննչական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
 
«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Մկրտիչ Պողոսյանի և «Անելիք» բանկի գույքային վեճից:
 
Այսպես, 2012թ-ի սեպտեմբերին Պողոսյանները վաճառել են Փարաքարում գտնվող, իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը: Ռեստորանի ներսում գտնվող գույքը նույն պայմանագրով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնվել է ռեստորանի նոր տիրոջը: 
 
Նոր տերը գրեթե անմիջապես էլ գրավադրել է ռեստորանի անշարժ գույքը «Անելիք բանկ»-ում` դրա դիմաց ստանալով 1.300.000 ԱՄՆ դոլարի վարկ: Սակայն հետագայում վարկային պարտավորությունները չի կատարել, որի պատճառով էլ գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը: 
 
Իմանալով այս մասին Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկ` ռեստորանում մնացած իր գույքի դիմաց բանկից պահանջելով 300.000 ԱՄՆ դոլար: Բանկը, սակայն հրաժարվել է վճարել կամ վերադարձնել գույքը` պատճառաբանելով, որ ռեստորանային համալիրում գտնվող շարժական գույքը նույնպես հանդիսացել է գրավի առարկա, որի նկատմամբ բռնագանձում է տարածվել և այն չի կարող վերադարձվել իրեն:
 
Այս հարցի շուրջ Մկրտիչ Պողոսյանը 2012թ-ից մինչ օրս բազմիցս հանդիպել է բանկի իրավաբան, այնուհետև իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց մերժում ստացել:
 
Մկրտիչ Պողոսյանը նաև դատարան է դիմել` դատական կարգով փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները: Բայց քաղաքացիական գործերի քննությունը դեռևս չավարտված՝ Մկրտիչ Պողոսյանն իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը` իրեն պատկանող գույքով, դարձյալ շահագործվում է:
 
Թերևս հենց այս է եղել պատճառը, որ Մկրտիչ Պողոսյանը դիմել է նման հանցանքի: 
 
Ինչպես արդեն նշեցինք, դեպքի օրը նա դարձյալ եղել էր բանկում, որտեղ էլ հանդիպել էր Հ.Աթանյանի հետ ու, թերևս, հենց այս հարցն էլ քննարկել:
 
Ի դեպ, մեր տեղեկություններով, Հովհաննես Աթանյանն այդ օրը բանկից դուրս է եկել գործընկերոջ` նախկինում բանկի իրավաբանության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության հետ, ով գործի բերումով դարձյալ շատ լավ ճանաչել է Մկրտիչ Պողոսյանին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին