▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինու համտես-տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը մասնակցել են Հյուսիսային պողոտայում անցկացվող երկօրյա Գինու համտես-տոնավաճառի բացմանը։

«Գինու համտես-տոնավաճառն առաջինն է Երևանում. փորձում ենք նախատոնական օրերի շեմին մեր բնակիչներին մատչելի հնարավորություն տալ համտեսելու լավ գինի, նաև գնումներ կատարելու։ Վերջերս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով նաև նմանատիպ միջոցառոււմներ են նախատեսվում: Իհարկե, դա ամենևին էլ չի նշանակում, թե մինչ այդ չէինք համագործակցում։ Մի քանի տարի է` գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ ենք կազմակերպում Երևանի տարբեր վարչական շրջաններում, և մեր համատեղ նպատակն է՝ աջակցել գյուղացիներին, որ իրենց արտադրանքը բերեն-հասցնեն վերջնական արդյունքին՝ իրացմանը, այդպիսով կզարգացնեն, կբարելավեն իրենց գործունեությունը: Այս առումով մենք պատրաստակամ ենք արձագանքելու գյուղատնտեսության նախարարության բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
Գինու համտես-տոնավաճառին 23 տնակ-տաղավարներում ներկայացված է գինեգործական ձեռնարկությունների ու անհատ գինեգործների բազմազան արտադրանք՝ գինու ավանդական տարատեսակներ ու նորույթներ։
«ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ և մտահղացմամբ մենք այսօրվանից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսում ենք և 2016 թվականին նույնպես անցկացնելու ենք հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի տոնավաճառներ, ցուցահանդեսներ, օրեր՝ հայրենական արտադրանքի խթանման նպատակով»,- նշել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստելու Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և ներկայացնելու մասնակիցներին հայկական գինեգործության լավագույն ավանդույթները:
Երևանի քաղաքապետի տեղակալը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը շրջել են տոնավաճառում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արտադրանքին, զրուցել գինեգործների հետ։
Հյուսիսային պողոտայում անցկացվող Գինու առաջին համտես-տոնավաճառը գործում է նոյեմբերի 28-ին և 29-ին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին