▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանագրային զինծառայողին հետապնդում են քաղաքացիական կեցվածքի համար

Արդեն նախկին պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանին ստիպել են ազատվել աշխատանքից իր քաղաքացիական կեցվածքի համար: Զորամասում նրան մեղադրել են հեղափոխական և հակապետական հայացքների մեջ: Աշխատանքից ազատելուց զատ զորամասում նրա առջև նաև պայմաններ են դրել, ինչը մտահոգել է երիտասարդ տղային, որին հետևել է նրա ֆեյսբուքյան գրառումը:

«Ես աշխատում էի ՀՀ ՊՆ N Զոնրամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և միաժամանակ շարունակում էի պայքրել անարդարության դեմ:     

Ամեն ինչ սկսվեց,երբ պետք է 2015թ.-ի նոյեմբերի 5-ին տեղի ունենար  խաղաղ հավաք և երթ,իսկ երթի իրազեկումը ներկայացրել էի ես, քանի,որ ընկերս՝ Շահեն Հարությունյանը, անչափահաս է:       

Նոյեմբերի 5-ին երթը նախատեսված էր ժամը 18:00-ին.այսինքն երթին կարող էի ներկա գտնվել աշխատանքից հետո: Երթի օրը, ժամը մոտավորապես 13:00-ի սահմաններում ինձ իր մոտ է կանչում վերադաս հրամանատարը:Ներկայանում եմ, ինչպես կարգն է, և նստում:     

Ինձ ծանոթացնում են իրավիճակին,զգուշացնում,որ ինձնով հետաքրքրված են բարձրաստիճան անձինք և առաջարկում երկու տարբերակ. կամ մնալ և շարունակել ծառայությունը կամ հեռացվել աշխատանքից և զբաղվել իմ ընտրած պայքարով:       

Որոշելու համար ունենալով 10 րոպե ժամանակ և հաշվի առնելով ներկայիս քաղաքական վիճակը՝ մտածեցի,որ ես իմ պետությանը ավելի օգտակար կլինեմ իմ ծառայությամբ:       

Ինձ նաև զգուշացրին,որ եթե այդ օրը ներկա գտնվեմ հավաքին,ապա կարող եմ նաև ձերբակալվել: Այդ իսկ պատճառով ինձ «տարան» քաղաքից դուրս,որը բնականաբար իմ կամքին հակառակ չէր:       

Դեպքից անցնում է մոտ 2 ամիս,վերադառնալով մարտական հերթապահությունից,և արձակուրդում գտնվելու ժամանակ զանգահարում են և կանչում զորամաս,որտեղ էլ ինձ են ներկայացնում իմ ֆեյսբուքյան էջի գրառումներն ու լուսանկարները:Ինձ ասում են,որ ես հեղափոխության և հակապետական կոչեր եմ անում համացանցում:       

Իմ կարծիքով չի կարելի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հասցեին ուղղված խոսքերը որակել որպես հակապետական:       

Անդրադառնում են ընկերներիս հետ ունեցած լուսանկարներին, մասնավորապես՝ Շահեն Հարությունյանի հետ ունեցած լուսանկարին,և ասում են, մեջբերում եմ. «Շանթի տղենա,հետը մոտիկ ես,խի ՞ ես դնում ես նկարը ընչի ՞ ես էտի անում,հերոսությո՞ւն  ես համարում»:       

Խորհուրդ տվեցին զեկուցագիր գրել և ինքնակամ ազատվել աշխատանքից,որպեսզի չհեռացնեն:     

 Ես գրեցի աշխատանքից ազատման զեկուցագիրը...     Սովորաբար զեկուցագիրը հաստատվում է այն ներկայացնելուց հետո ոչ շուտ,քան 1 ամիսը,իսկ իմ զեկուցագիրը հաստատվեց ընդամենը 15 օրում,ուստի  չեմ բացառում,որ իմ հեռացման հրամանը եկել եր ավելի վաղ, քան ես ներկայացրել եմ զեկուցագիրը:     

Ցանկանում եմ նշել,որ իմ հրամանատարությունը դժգոհ  չէր իմ ծառայությունից և ցավում էին կատարվածի համար,բայց,  ինչպես ասում են, կա հրաման,ուրեմն պետք է կատարվի:

Վերջ: 

 Հ.Գ Այս ամենից ելնելով՝ չեմ բացառում հետագայում ճնշումները: Եվ,բնականաբար,նշում,որ այդ առումով ինձ մոտ կան որոշ մտահոգություններ»,-  գրել է Տիգրան Մազմանյանը:       

Մազմանյանը արցախյան հերոսամարտի մասնակիցներ Արփիկ Հարությունյանի և Մհեր Մազմանյանի որդին է,  աչքի է ընկնում քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված խնդիրներին իր մասնակցությամբ:

Նախկին զինծառայողի մորը՝ ազատամարտիկ Արփիկ Հարությունյանին ցավեցնում է  պետության նման վերաբերմունքն իր որդու նկատմամբ:

«Որպես մայր ցավում,եմ, որ 21 տարեկան իմ որդին արդեն դարձավ անարդարության զոհ: Այսօր ինձ համար չափազանց դժվար է նայել Տիգրանի աչքերին: Ես և հայրը, լինելով անկախության ազատամարտիկ ու այդպիսին դաստիարակելով մեր որդուն` այսօր կանգնել ենք փաստի առաջ. փոշմանե՞նք, որ ստրկամիտ զավակ չենք դաստիարակել: Մեր բանակն ազատվեց իսկական ազնիվ, հայրենասեր, ուժեղ ու արդարամիտ զիվորից»,- մեզ հետ զրույցում հիասթափությունն արտահայտեց Տիգրան Մազմանյանի մայրը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց տեղի ունեցածը: Նա առաջարկեց հարցում ուղարկել ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզաբանելով, որ ինքն այս պահին չի կարող տեղի ունեցածի հանգամանքներին, զինծառայողին և նրա  ծառայության վայրին պատշաճ կերպով ծանոթ չլինելով՝ պարզաբանումներ տալ:

Արաքս Մամուլյան    

Աղբյուրը` forrights.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին