▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետությունը» մեծ հավանականությամբ կփոխի իր գործելաոճը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի օրերս արած հայտարարության համաձայն՝ 34 ահաբեկչական խմբավորումներ ամբողջ աշխարհում միացել են «Իսլամական պետություն»(ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարած տվյալները հիմնված են մինչև 2015թ. դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ամփոփված հետախուզական տեղեկատվության հիման վրա, համաձայն որի նաև՝ ԻՊ-ի զինյալների թիվը լողում է 50-200 հազարի միջակայքում:
Պան Գի Մունը նաև որոշ տվյալներ է հաղորդել ծայրահեղական կառույցի ֆինանսական կարողությունների մասին, ըստ որի՝ 2015թ. կտրվածքով նավթամթերքի վաճառքից ԻՊ-ի շահույթը կազմել է 400-500 մլն դոլար, իսկ կառույցի կողմից գրավված բանկերում առկա դրամի չափը հասնում է 1 մլրդ դոլարի: 
Միևնույն ժամանակ պետք է փաստել նաև, որ հատկապես վերջին 3 ամիսների ընթացքում ԻՊ-ի տարածքային և ֆինանսական հնարավորությունները խիստ սահմանափակվել են. մի կողմից կառույցը մեկը մյուսի հետևից կորցնում է ռազմավարական կարևորության տարածքներ և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, մյուս կողմից ռուսական և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժերի՝ իրարից առանձին հասցված հարվածների հետևանքով էականորեն սահմանափակվել են կառույցի կողմից տարբեր պարագաների և հատկապես՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտներն, ինչպես նաև՝ դրամատներում պահվող ֆինանսական միջոցները: Բացի նշվածից, առայժմ գոնե հոգեբանական մակարդակում ԻՊ-ի «բնօրրանում» առնվազն նրա հետագա ընդլայնմանը լրջորեն խոչընդոտում է ծայրահեղական կառույցի դեմ պայքարի անվան տակ Պարսից ծոցի մի շարք պետությունների և Թուրքիայի կողմից համատեղ ցամաքային գործողություններ սկսելու վերաբերյալ տարաբնույթ հայտարարությունները:
Այս համատեքստում, արդեն կանխատեսելի հեռանկարում՝ հատկապես ահաբեկչական կառույցի հեղինակության սրընթաց անկման ֆոնին, մեծ հավանականությամբ ականատես կլինենք նրա վարքագծի տրամագծային փոփոխության՝ առ այն, որ առավել ակտիվ կսկսեն գործել Սիրիայի և Իրաքի տարածքներից դուրս ձևավորված ԻՊ-ի բջիջները, մյուս կողմից՝ ավելի մեծանում է կառույցի կողմից ահաբեկչական հարձակումների գործելաոճի ակտիվացման հնարավորությունը նաև մերձավորարևելյան տարածաշրջանից դուրս՝ հատկապես դեպի հյուսիս և արևմուտք:
Այս համատեքստում, ԻՊ-ի գործելաոճում նկատվող փոփոխությունների, ինչպես նաև կառույցի նոր դիրքավորման որոշ առանձնահատկությունների մասին են փաստում ամերիկյան հետախուզության կողմից օրերս հրապարակված տվյալներն առ այն, որ ահաբեկչական կառույցի զինյալները զանգվածաբար հեռանում են Իրաքից և Սիրիայից դեպի Լիբիայի տարածք, որտեղ իսլամականների գործունեության համար առկա են շատ ավելի հեռանկարային և խոստումնալից հնարավորություններ՝ միաժամանակ և՛ «ջիհադական պայքարի», և՛ նյութական շահույթներ ձեռք բերելու տեսանկյունից: Այսպես, ամերիկյան հետախուզության աղբյուրների համաձայն, հատկապես վերջին 2 ամիսների ընթացքում ԻՊ-ի զինալների թիվը Լիբիայում ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 6500-ի: Իսկ դրա պատճառը արդեն ավելի քան 4 տարի Լիբիայում տիրող քաոսային իրավիճակն է և անիշխանությունը, երբ չի դադարում պայքարը 2 իրարամերժ կառավարությունների և տարաբնույթ ծայրահեղական կառւյցների, այդ թվում նաև՝ այս երկրում ԻՊ-ի ճյուղավորման միջև: 
Ընդ որում, վերոնշյալից բացի, Լիբիան ԻՊ-ի համար լայն հնարավորություններ է ստեղծում մի կողմից առավել ակտիվ կերպով տարածելու սեփական ազդեցությունը Աֆրիկա մայրցամաքում, մյուս կողմից՝ օգտվելու նաև այս երկրի ածխաջրածնային ընդարձակ ենթակառուցվածքներից՝ առավել ազատ կերպով, մեծաթիվ ուղղություններով և լայն մասշտաբներով ֆինանսական օգուտներ քաղելու նպատակով:

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին