▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործ տվողների մասին

Ոստիկանը պաշտպան է, բլա-բլա։ Ոստիկանությունը ծառայում է հանրությանը, պաշպանում քաղաքացու անդորրը, բլա-բլա-բլա։ Սակայն կա մեզանում խնդիր. մարդիկ չեն դիմում ոստիկանություն, չեն հայտնում իրենց տեսած/լսածի մասին։ «Գործ տվող» լինել ոչ ոք չի ցանկանում։ Այսպիսով տարբեր անգամներ լսել եմ՝ ոստիկանության լրատվական նյութերում կոչեր հանրությանը օգնելու ու տեղեկացնելու հանցանքների մասին, ու պնդումներ այն մասին, որ առանց հանրային աջակցության ոստիկանությունը երբեմն չի կարող պատժել հանցանք կատարած մարդկանց։

Մի քանի օր առաջ լույս տեսավ հոդված «Հայաստանում խնդիրներ առաջացնող իտալացի աղջկա» մասին, ով Երևանում ապրելով, լսել է իր հարևանների վեճը, ամուսնու բղավոցները, բարձր աղմուկը ու կնոջ ոռնոցները, զանգահարել է կանանց պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն, որտեղից էլ զանգահարել են Ոստիկանություն։ Ոստիկանները 15 րոպե անց արդեն շենքում էին, կինը չի բողոքել ամուսնու դեմ (զարմանալի չէ), իր իրավունքն է, ասել է, թե խնդիր չկա ընդհանրապես (զարմանալի չէ), իրենց իրավունքն է, իրենց կյանքը։ Ինչու է այդպես, մի այլ քննարկման թեմա է։

Սակայն անթույլատրելին այս պատմության մեջ կայանում է նրանում, որ ժամանած ոստիկանները վիճող հարևաններին հայտնել են, իր զանգահարել է իրենց ներքևի հարևանը՝ իտալացի աղջիկը։ Ու հեռացել։ Սա իր հերթին բերել է հարևանների կողմից աղջկա ու մի շարք հարևանների հետ հարաբերությունների փչացմանը, աղջկա տուն եկել են, վիճել են, հետագայում հնչել են առօրյա հարցերում թեմայից դուրս մեղադրանքներ, իբր աղբ է թափում այստեղ-այնտեղ։

Ինձ հետաքրքիր է, այդ մարդիկ, ովքեր հանդիսանալով ոստիկան, հագնելով ոստիկանի համազգեստը, կրելով որևէ կոչում, լինի դա սերժանտի կամ սպայի կոչում, երբևէ որևէ պատրաստություն անցել է, մինչև ստացել է իրավասություն գնալու ահազանգների հետքերով, շփվելու դեպքի վայրում մարդկանց հետո։ Բացի պատրաստակամությունից որոշակի գումարի փոխարեն ծառայելու Հայաստանի Հանրապետությանը որպես ոստիկան, ինչ մասնագիտացում է ստացել՝ նման կոպտագույն սխալներ կատարելուց առաջ։

Ուզում ե՞ք մարդիկ օգնեն ձեզ, ձգտում ե՞ք ստեղծել հանրային պաշտպանի կերպար։ Օգնե՛ք ու պաշտպանե՛ք։ Ու ձեզ կօգնեն ու կպաշտպանեն։ Իսկ քանի դեռ Ոստիկանությունում աշխատում են կերպարներ, ովքեր ահազանգի հետևից գնալով բոլորին պատմում են, թե ով է իրենց դեմ բողոքել, հետո դուրս են գալիս, գնում՝ թողնելով անհատ մարդուն, ով ցանկացել է կատարել հասարակության պատասխանատու ներկայացուցչի դերը իրականացնել, միայնակ իր գլխին եկած խնդրի հետ, փչացած հարաբերություններով, հետագա բացասական զարգացումներով հղի իրավիճակում, ոստիկանը ոչ պաշտպան կդառնա, ոչ հանությանը ծառայող օղակ։ Քանի դեռ նման անպատասխանատվությունը ոստիկանության կողմից կմնա անպատիժ հենց ոստիկանության կողմից, ոստիկանությունը կմնա մարդկանց աչքերում հասարակությունից դուրս մի անօգուտ կառույց, որի հետ կապվելը նորանոր խնդիրներից բացի ուրիշ ոչինչի բերել չի կարող, որոնցից ինչքան հեռու, այդքան լավ, իսկ շուրջբոլորը տեղի ունեցող ՈՉԻՆՉ քաղաքացուն չի վերաբերվում։ Մատ ունես, գլուխդ քորի։ Չունես։ Նստի տանը, լռի՝ հասարակությունից դուրս, բոլորին անկախ։

Ես չգիտեմ այդ օրը ծառայության մեջ գտնվող այդ ոստիկանները քանի տուն են այցելել ահազանգերով, բայց համոզված եմ, որ նման կերպ իրենց պահելուց հետո այն մարդիկ, ովքեր այդ օրը ահազանգած են եղել, երբեք էլ չեն զանգի ոստիկանություն ոչ մի դեպքում, ոչ մի պատրվաակով, ոչ մի ժամանակ։ Թող բոլորը գնան գլուխները պատով տան, իրար ծեծեն, սպանեն, ծակեն, կրակեն։ Եթե զանգահարելուց հետո զանգահարողը պետք է դառնա իր շրջապատի համար քարկոծման առարկա, ոստիկանության հետ կապ հաստատողների թիվը քանի գնա, կպակասի, այդ օրը ծառայության մեջ ոստիկանները էլ ստիպված չեն լինի իրենց տաք տեղը թողնեն, գնան ինչ որ ահազանգենի հետևից, իսկ անդունդը «հասարակության պաշտպանների» միջև ավելի ու ավելի ու ավելի կմեծանա։

 

Սեդրակ Մկրտչյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին