▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի այդ քայլը Թուրքիային կտանի դեպի կործանում…

Այն որ Թուրքիան ապրում է վերջին տասնամյակների իր ամենածանր շրջանը, դա ոչ ոքի համար արդեն գաղտնիք չի հանդիսանում: Երբեք այսքան մեծ հաճախականությամբ չի խոսվել մերօրյա Թուրքիայի մասնատման մասին, որքան վերջին մեկ տարվա ընթացքում: Եվ իրականում այդ խոսակցությունները ճշմարտացիության մեծ չափաբաժին են իրենց մեջ պարունակում:
Թուրքիայի անզուսպ նախագահ Էրդողանը այսօր հայտարարել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի համբերությունը կարող է սպառվել: Սպառվել ասելով` Թուրքիայի նախագահը նկատի ունի, որ թուրքական զորքերը կմտնեն Սիրիա և անմիջականորեն կմասնակցեն ռազմական գործողություններին: Այս պարագայում հարց է առաջանում. առաջին հերթին ու՞մ դեմ կպայքարեն թուրքերը, - իհարկե Սիրիայի քրդերի և նրանց համար կոնսոլիդացիոն նշանակություն ունեցող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության և նրա ռազմական թևի դեմ, որոնք իրական պայքար են մղում «Իսլամական պետության» դեմ, և որոնց սատարում են Ռուսաստանը և ԱՄՆ-ն:
Էրդողանը այս հարցում հայտնվել է անելանելի իրավիճակում, չգիտի թե ում վրա կարող է հույս դնել, իսկ չմտածված քայլերի իրականացումը, Թուրքիայի համար հղի են անդառնալի հետևանքներով`ընդհուպ մինչև նրա մասնատում:
Սիրիայի քրդերի հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ամբողջովին համընկնում են: Ռուսական օդուժի աջակցության պայմաններում Սիրիայի քրդերը հաջող պայքարում են «Իսլամական պետության» դեմ, և օրերս նույնիսկ Մոսկվայում բացվեց սիրիական քրդերի գլխավոր կուսակցության` «Ժողովրդավարական միության» ներկայացուցչությունը: Իսկ ԱՄՆ-ն, տեղի չտալով ռազմավարական իր դաշնակից Թուրքիայի բողոքներին, շարունակում է զենք մատակարարել Սիրիայի քրդերին:
Իսկ ինչու՞մ է կայանում Թուրքիայի` նման «հուզառատ» արձագանքները` այս հարցի հետ կապված: Միայն այն փաստից, որ «Ժողովրդավարական միությունը» Սիրիայում կարող է ինքնավարություն ստանալ, դա արդեն դեպքերի սարսափելի ընթացք է կանխանշում Թուրքիայի համար, քանզի Էրդողանը կարծում է, որ եթե Սիրիայում քրդերը ստանան ինքնավարություն, իսկ դա շատ հավանական է, ապա նրանք ապագայում կարող են միավորվել Իրաքյան Քուրդիստանի հետ, որն արդեն տևական ժամանակ է ունի ինքնավարություն, իսկ այդ ամենից հետո էլ ինքնավարության անշրջելի ալիքը կտեղափոխվի Թուրքիա, որտեղի քրդերն էլ նման հարմար առիթի են սպասում` հաշվի առնելով նաև թե ինչպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել այսօր Թուրքիայի հարավ-արևելքի քրդաբնակ շրջաններում:
Այս ամենից զերծ չի մնում նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որը շատ սերտ հարաբերությունների մեջ է գտնվում Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության հետ: Իսկ ինչպես գիտենք, PKK-ն ամեն պարագայում Թուրքիայի թիվ մեկ թիրախն է համարվում: Այսինքն ստացվում է այսպես. «Ժողովրդավարական միության» ամեն հաջողություն, հաջողություն է նաև Թուրքիայի երդվյալ թշնամի PKK-ի համար, քանի որ վերջինս, և՛ օգտվում է դրա պտուղներից, և՛ նաև կարող է ստեղծված հնարավորությունները ի շահ իրեն, և ի վնաս Թուրքիայի օգտագործել: 
Ահա այսպիսի խառնաշփոթում Թուրքիայի նախագահը մտածում է զորք մտցնել Սիրիա և պայքարել քրդերի դեմ (հիշենք, որ քրդերին սատարում են ՌԴ-ն ու ԱՄՆ-ն):
Հստակորեն կարելի պնդել, որ եթե ռուսական Սու 24-ի խոցման թուրքական ավանտյուրան դիտարկվեց որպես սխալ հաշվարկ և իր հետ բերեց միայն տնտեսական և քաղաքական վնասներ, ապա Սիրիա զորք մտցնելը և քրդերի դեմ պայքարելը կհնչեցնի Թուրքիայի կործանման կոչնակները:

Հայոց Տուն
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին