▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանա լճի Կտուց կղզին և անապատը...

Աղթամարից և Լիմից հետո` Կտուցը Վանա լճի երրորդ պատմական կղզին է հանդիսանում: Կտուց կղզին գտնվում է Վանա լճի արևելքում, Վան քաղաքից դեպի հյուսիս և ափից 1 կմ հեռավորության վրա։ Լճի տեղատվության ժամանակ կղզին դառնում է թերակղզի` որտեղից էլ նրա անվանումն է։ Կղզում ներկայումս կանգուն է Կտուց անապատի համալիրի մի մասը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Հայտնի է, որ 9-րդ դարում Կտուց անապատը ընդգրկել է թվով չորս եկեղեցիներ:

1462 թ. անապատի վանահայր Գրիգոր եպիսկոպոսը` Ստեփանոս վարդապետի ձեռքով վերանորոգել է Ս.Հովհաննես Կարապետ և Ս.Խաչ եկեղեցիները։ 15-րդ դարում Կտուց անապատը դառնում է գրչության նշանավոր կենտրոն և ծաղկում է ապրում հայտնի գրիչներ Խաչատուրի և Հովհաննեսի, ինչպես նաև Վասպուրականում հռչակված Մինաս ծաղկողի գործունեությամբ։ 16-րդ դարում Կտուց անապատը լքվում է` բնակլիմայական պայմանների վատթարացման պատճառով: Սակայն 17-րդ դարում Լիմ անապատի միաբանների մի մասը տեղափոխվում են Կտուց կղզի, վերակենդանացնում Կտուց անապատը, կառուցում բնակելի ու տնտեսական շենքեր, նորոգում հները։ 1712 թ. վանահայր Սիմեոն արքեպիսկոպոսը հիմնովին վերակառուցում է Կտուց անապատի վանքային համալիրի ընդհանուր տեսքը և Ս.Հովհաննես Կարապետ եկեղեցին (ճարտարապետն է Խոշխաբար Բաղիշեցին)` որը կանգուն է մինչ այժմ։

Հայտնի է, որ 19-րդ դարում Կտուց անապատի թեմն ունեցել է ութ գյուղ և այստեղ գործել է թեմական դպրոց: Թեմին են պատկանել Վանա լճի մերձափնյա ցորենի արտերը, ինչպես նաև` այգիներ, ձիթհանք, ջրաղաց, տներ, խանութներ: Բացի այդ` լճափին էին կառուցված Կտուց անապատ այցելող ուղտավորների համար նախատեսված օթևաններ, որոնք կոչվում էին «Դրսի տունք»։

 

 

Ռուբեն Շուխյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին