▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական դոկտրին. իսրայելական փորձի իրողություններ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Իսրայել պետության Ռազմական դոկտրինը ձևավորվել է դեռ 1948թ. հրեական պետությանը զուգահեռ: Իր գոյության արդեն մի քանի տասնամյակներում, այն ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն մի քանի ելակետային դրույթներ մնացել են անփոփոխ, որոնց մեջ հատկանշական է «պոտենցիալ հակառակորդի նկատմամբ ուժային բացարձակ ճնշման իրականցման» ռազմական գործելաոճը:

Այս առումով տեղին է հիշատակել, որ իսրայելական պետության՝ Ռազմական առաջին դոկտրինի հեղինակ Հ.Լասկովը իր հայեցակարգում առանձնացնում էր ռազմավարության ու մարտավորության արդյունավետ կառուցման մի քանի հանգամանքներ, որոնք առանցքային են պետության անվտանգության, պաշտպանվածության տեսանկյունից: Մանսվորապես՝
1. Իսրայելի բնակչությունը զիջում է հարևաններին, ուստի ենթադրելի է, որ հնարավոր պատերազմում բանակը պետք է պայքարի իրեն թվապես գերազանցող կենդանի ուժի դեմ:
2. Իսրայելի վեճը հարևանների հետ, իր հիմքում ունի այն կանխավարկածը/պնդումը, որ հարևանները սկզբունքորեն դեմ են Իսրայելի գոյությանը առհասարակ: Հաշվի առնելով Իսրայելի աշխարհագրական ոչ նպաստավոր դիրքը, ռազմատեխնիկայի հարցում հակառակորդների գերակշռությունը, կենդանի ուժի հարցում նրանց թվային գերակայությունը՝ Իսրայելը հաղթանակի հույս պետք է ունենա միայն կայծակնային արագությամբ հակառակորդի ռազմավարական ենթակառուցվածքները ոչնչացնելու դեպքում: Հնարավոր հակառակորդին լիարժեք ոչնչացնել ամեն դեպքում հնարավոր չի լինի: 
3. Ոչ մեծ տարածքի չափը, սահմանների ոչ նպաստավոր բնույթը, ռազմավարական ենթակառուցվածքների ու քաղաքների՝ հարևան երկրների հետ Իսրայելի սահմաններին մոտ լինելը զրկում են Իսրայելին ռազմավարական խորքի որևէ ցուցիչից: Բնական ռելիեֆային գոտիները պաշտպանական միավորների կառուցման համար բացակայում են, ուստի հնարավոր ռազմական գործողությունները առավելագույնս արագ պետք է տեղափոխվեն հակառակորդի տարածք:
4. Իսրայելը չունի երկար պատերազմ վարելու հնարավորություն, քանի որ կարիք կլինի մոբլիզացնել բնակչության մեծ քանակ, տնտեսական ռեսուրսներ: Այս պարագայում երկրի տնտեսությունը կսկսի ունենալ լրջագույն խնդիրներ արդեն ակտիվ պատերազմի առաջին ամիսներից, ուստի հնարավոր պատերազմը պետք է լինի կայծակնային:

Եթե դիտարկենք Իսրայելի պատմությունը, իսկ դա ավելի շուտ պատերազմների պատմություն է, կարող ենք նշել, որ Ռազմական դոկտրինի նշյալ դրույթների մի մասն իրենց արդյունավետությունն այդ պատմության մեջ բազմիցս ապացուցել են: 
Դիցուկ՝ հայեցակարգը արդյունավետորեն է դրսևորվել արաբա-իսրայելական մի քանի պատերազմների ընթացքում օրինակ՝ 1956-57թթ-ի Սուեզի ճգնաժամի տարիներին, երբ իսրայելական նախահարթակ/ կանխարգելիչ ռազմավարության հետևանքը եղավ պատերազմում նրա հաղթանակը:

Նշյալ ռազմավարությունը իրեն արդյունավետ դրսևորեց նաև 1967թ. Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի ու Իրաքի դեմ վեցօրյա պատերազմում, երբ արաբական կոալիցիան, որը անձնակազմի մասով Իսրայելին գերակշռում էր մոտ 2 անգամ, իսկ զինտեխնիկայի մասով՝ 3 անգամ, պարտություն կրեց: Ավելին՝ Իսրայելը պատերազմի արդյունքում ձեռք բերեց Գոլանի բարձունքերը, Սինայը, Հորդանան գետի արևմտյան ափը, Գազան:

1973թ. արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ արաբները դասեր քաղեցին նախորդ սխալներից և անակնկալ հարձակվեցին Իսրայելի վրա հուդայական կրոնական տոներից մեկի օրը: Սակայն վերջնարդյունքում Իսրայելի կողմից ուժերի վերախմբավորման, զանգվածային մոբլիզացիայի ու ամենակարևորը ԱՄՆ օգնության զորու Իսրայելը չպարտվեց:

Նշենք, որ Ռազմական դոկտրինում արաբական երկրներին ու Իրանին հավանական հակառակորդ դիտարկելուց զատ, իսրայելական ռազմական տեսաբանները 70-ականներին որպես նոր բնույթի վտանգի աղբյուր բնորոշեցին պաղեստինյան խմբավորումներին (Պաղեստինի ազատագրության բանակ և այլն), ինչպես նաև իսլամական կրոնական ու ռազմաքաղաքական կառույցներին՝ «Համաս», «Հեզբոլլահ», որոնցից բխող վտանգի բնույթը որակապես այլ էր, ուստի ենթադրում էր որդեգրվելիք այլ մոտեցումներ:

Նոր բնույթի հակառակորդի պարագայում Իսրայելը հրաժարվեց «հրթիռակոծություններին պատասխանելու» ռազմավարություներից և որդեգրեց «նախահարձակ ոչնչացման» մոտեցումներ անկախ վտանգի տեղակայման աղբյուրից, տարածքից ու տեսակներից: Որպես դրա դրսևորումներից մեկը՝ 1982թ. իսրայելական զորքը մտաց Լիբանան: Նման իրավիճակի պարագայում Իսրայելի Ռազմական դոկտրինում նշվում էր հետևյալը. «ասիմետրիկ վտանգների առկայության դեպքում ռազմական ղեկավարությունը երկրի ազգային անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկում է սեփական ռազմական նպատակահարմարությունից բխող որոշակի քայլեր»:

Այսպիսիով Իսրայելի Ռազմական դոկտրինը (որի առանձին հատվածներն են մինչ օրս միայն հանրայնացված/գաղտնազերծվել) ռազմաքաղաքական իրավիճակի, պատերազմի, պետությանը սպառնացող վտանգների, նրանց հակադարձելու ու ոչնչացնելու մեթոդների/միջոցների ամբողջություն է, որի նպատակը հնարավոր հակառակորդին այնպիսի հարված հասցնելն է, որից հետո վերջինս չկարողանա Իսրայելի համար հանդիսանալ որևէ տիպի սպառնալիիքի աղբյուր: Ներկայումս Իսրայելի Ռազմական դոկտրինը կառուցված է ճգնաժամանային իրավիճակներում «ակտիվ արձագանքման» ռազմավարության վրա, որի ելակետային դրույթը «սպառնալիքի աղբյուր պետությանը անխուսափելի պատժի ենթարկելու» սկզբունքն է: Որպես վերոնշյալ սկզբունքի իրացման ձև է դիտվում առաջնահերթ ռազմական գործոնությունների տեղափոխումը հակառակորդի տարածք, այդ գործողությունների կայծակնային ու անակնկալ բնույթը, նախահարձակ ոչնչացման գործիքակազմով:

Ալեն Ղևոնդյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին