▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի «շահը» Արցախյան հարցում

Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում ու մասնավորապես Արցախյան հարցում կա՛մ խիստ գերագնահատում են, կա՛մ դեմոնիզացնում, ինչպես դա սիրում է անել Լրագիրը։ Իրականությունն այլ է․ Ռուսաստանը ո՛չ ամենազոր է, ո՛չ էլ այս կոնֆլիկտի չար հանճարն է։ Պարզապես Ռուսաստանն ունի իր շահը այս ամենում, որը որոշ հարցերում համընկնում է մեր շահի հետ, իսկ որոշ հարցերում՝ ոչ։

Անդրդառնանք մի քանի միֆերի.

«Որ Ռուսաստանն ուզի՝ 1 օրում կլուծի էս հարցը»

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս։ Ասենք Ռուսաստանը դեմոնիզացնողները միանգամից հիշում են Ստալինյան լուծումը, իսկ Ռուսաստանը ռոմանտիզացնողները՝ Ցարերին։ Ու իզուր։ Որպեսզի Ստալինյան լուծում լինի, պետք է առնվազն լինի իրավիճակ, որը նման էր 20-րդ դարի 20-ական ու 30-ական թվականներին․ կոտորված ու կոտրված ժողովուրդ, քանդված պետական ու ռազմական համակարգ, պատերազմից ու արյունից հոգնած ազգ, որը պատրաստ է ամեն ինչի, միայն թե խաղաղություն լինի։ Ցարական տարբերակի համար էլ պետք է լինի Ռուսաստան, որը բաց առճակատման մեջ է Թուրքիայի հետ և պարբերաբար պատերազմում ու տարածքներ է խլում վերջինիցս, և որպեսզի մինիմիզացնի թյուրքական տարրի ազդեցությունն այդ տարածքներում՝ հենվում է ոչ թյուրքական տարրերի վրա (այդ թվում՝ հայերի)։

Իրականություն

Ռուսաստանը չի կարող Հայաստանից խլի Արցախն ու հանձնի թուրքերին։ Ոչ մի քաղաքական ղեկավար չի գնա այդպիսի քայլի։ Նույնիսկ հիպոթետիկ տարբերակում, եթե լինի նման բան, դա անմիջապես կհանգեցնի ռազմական հեղաշրջան Հայաստանում, որովհետև առաջին քաղաքական կամ ռազմական գործիչը, ով կհայտարարի, որ դա դավաճանություն է ու զորքին կոչ կանի տապալել դավաճաններին՝ կհասնի հաջողության։

Ռուսաստանը չի կարող նաև Ադրբեջանին պարտադրել համակերպվել կորստի հետ։ Միակ բանը, որ Ադրբեջանին ամբողջովին չի տեղափոխել Թուրքիայի ազդեցության դաշտ այս ընթացքում՝ Արցախյան հիմնախնդիրն է։ Եթե Ադրբեջանը չունենա այլևս այդ ստիմուլն՝ ի դեմս Արցախը վերադարձնելու հույսիկների, ապա նրան այլևս ոչինչ հետ չի պահի Թուրքիայի հետ համապարփակ ռազմաքաղաքական դաշինք կնքելուց։ Իկ դա նշանակում է վերջանականապես կորցնել Ադրբեջանն ու ունենալ թուրքական բաաներ՝ Ռուսաստանի ամենատուրբուլենտ գոտու՝ Հյուսիսային Կովկասի սահմանին։

«Ռուսաստանին ձեռք է տալիս, որ այս կոնֆլիկտը չլուծվի»

Հա՛մ ճիշտ է, հա՛մ սխալ։ Ռուսաստանին ոչ այնքան չլուծված կոնֆլիկտն է ձեռք տալիս, որքան կոնֆլիկտի լուծումը՝ հօգուտ այս կամ այն կողմի, որովհետև փոխզիջումային որևէ լուծումը բացառված է, իսկ կողմերից մեկի օգտին լուծումը անխուսափելիորեն կբերի նրան, որ Ռուսաստանը կկորցնի կամ հակառակ կողմին, կամ էլ երկուսին էլ։

Իրականությունը

Իրականությունն այն է, որ Ռուսաստանի շահը պարզ է ու պրոզայիկ․ եթե հնարավոր չէ հաշտեցնել երկուսին, և պահպանել հարաբերություններն այդ երկուսի հետ, ապա գոնե պետք է անել այնպես, որ ստատուս քվոն պահպանվի, որպեսզի ստիպված ընտրություն չկատարել նրանց միջև։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի իրական շահը ոչ թե կոնֆլիկտը չլուծելն է, այլ փոխշահավետ լուծման անհնարության պարագայում՝ անսահման հետաձգել սեփական դիլեման։

«Ռուսը՝ սպիտակ թուրքն ա/Ռուսը Արարատը մեզ հետ կտա»

Իրականությունը

Ռուսը ոչ սպիտակ թուրքն է, ոչ էլ մեր թշնամին է։ Միևնույն ժամանակ, ռուսը երբեք չի գործել զուտ հանուն մեր շահերի ու գեղեցիկ աչքերի և երբեք չի էլ գործելու։ Ռուսաստանը անում է հնարավորս՝ Թուրքիայի հետ բաց առճակատումից խուսափելու համար։ Այդքանով հանդերձ, Ռուսաստանն անում է հնարավորս՝ Թուրքիայի ազդեցության աճը տարածաշրջանում զսպելու և սահմանափակելու համար։ Ռուսները բնավ չեն պատրաստվում մեզ համար Արարատներ գրավել, բայց ռուսները վստահաբար երբեք ու ոչ մի պարագայում չեն թույլ տա, որպեսզի Թուրքիան հասնի իր բաղձալի նպատակին ու վերամիավորվի մնացած թյուրքական աշխարհի հետ։ Դրա համար, ասել Սոլովյովի՝ Ռուսաստանը օգնության կգա, բայց միայն ամենածայրահեղ դեպքում: Այն է՝ Թուրքիայի հետ բաց ռազմական առճակատման իրական ռիսկի պարագայում։

Այնպես որ, ոչ թե բոբոներ ու հրեշտակներ պետք է փնտրենք աշխարհաքաղաքական ասպարեզում, այլ հասկանալ սեփական շահը և սովորել հնարավորինս արդյունավետ պաշտպանել այն՝ մնալով իրատեսական ու պրագմատիկ դաշտում:

Կոնստանտին Տեր-Նակալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին