▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ազատագրած հողերն «անվերադարձ» են, ինչպես դրանց համար զոհված մեր տղաները

Մեր ազատագրած հողերն «անվերադարձ» են, ինչպես դրանց համար զոհված մեր տղաները
Այսօր այցելեցի վերջին ռազմական գործողություններում զոհված երկու տղաների ընտանիքներին Հադրութ քաղաքում՝ ցավակցելու և ծանոթանալու նրանց սոցիալական պայմաններին ու կարիքներին: Անկախ նրանց վերքի թարմությունից՝ ակնհայտ էր ընտանիքների արժանապատվությունը և ցավին դիմակայելու պատրաստակամությունը:
Մի դրվագ ստիպեց ինձ գնալ մանկությունս և գիտակցել, որ պատմությունը կրկնվում է սերնդեսերունդ... Քաղցր զրույցի էի բռնվել զոհված սպաներից մեկի 4-ամյա որդու հետ, ով անընդհատ մուլտֆիլմ էր դիտում, գուշակեք, թե ինչ մուլտֆիլմ՝ ոչ թե «Մաշան և արջը» կամ «Թոմը և Ջերին», այլ՝ «Կիլդիմը»: Համով բալիկ էր...
Մայրը պատմեց, որ մի քանի օր առաջ կրտսեր որդին եկավ տուն և ասաց.
«Մամ, ինչու՞ ես խաբել, որ պապան դիրքերում է, գիտեմ, որ մեռած է»... Մայրը հարցրել է, թե ինչ է մեռած լինելը, ասել է.
«Էն, որ փոսն են դնում ու հողով ծածկում»... Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դժվար թե 4-ամյա բալիկն իմանա, որ «մեռած լինելը» անվերադարձ կարգավիճակ է: Ես հիշեցի ինձ՝ 4 տարեկանում, երբ իմ հայրը նույնպես զոհվեց պատերազմում: Հուղարկավորության ժամանակ և դրանից հետո մայրիկիս հարցնում էի, թե ուր են տարել հայրիկին, ասում էր, որ մի քանի ամսից կգա: Իհարկե, զգում էի, որ ինչ-որ բան այն չէր, բայց միայն տարիների ընթացքում գիտակցեցի, որ այդ «ինչ-որ բան այն չէ»-ն անվերադարձ է, ինչպես և հայոց ազատագրված հողը պետք է անվերադարձ լինի, այլապես զուր են այդ բալիկի, իմ և հազարավոր այլ մանուկների սպասման անխուսափելի հիասթափությունները:

ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին