▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամական աջակցություն զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր  և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցության ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը: Խորհրդակցության մասնակիցներին նա հայտնել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից ներկայացված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները:

«Խիստ կարևոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի և կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից  յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Վստահ եմ կհամաձայնեք, որ սա այն նվազագույնն է, որ մենք պետք է անենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների համար»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Քաղաքապետն անդրադարձել է նաև Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:

«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին: Ի դեպ արդեն իսկ ամփոփվում են զոհված երևանաբնակ զինծառայողների վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը և կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք և տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ քաղաքապետի կողմից ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հանձնարարականի հետ կապված քաղաքապետարանի և վարչական  շրջանների աշխատակազմերի անունից  արդեն իսկ փոխանցվել է 20 միլիոն դրամ:
Հանրակրթության վարչության  պետն էլ զեկուցել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների հաճախած դպրոցների ցանկը հստակեցնելու ուղղությամբ, որից հետո քայլեր կձեռնարկվեն համապատասխան հուշանկյուններ ստեղծելու ուղղությամբ:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ տվյալ հուշանկյունները պատրաստ լինեն մինչև սեպտեմբերի մեկը:

Երևանի քաղաքապետարան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին