▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս վնասազերծել Իլհամ Ալիևին

times.am-ը գրում է. Շատ կարևոր հարցում Իլհամ Ալիևը հաջողել է: Նա կարողացել է Ադրբեջանի ժողովրդի մենթալիտետին և արժեքային համակարգին լավագույնս համապատասխանող ժամանակակից արևելյան դեսպոտիկ պետություն կառուցել: Լավ-վատ, բայց ալիևյան համակարգն աշխատում է: Նման պետություններում իշխանության աղբյուրն ու հիմքը դեսպոտն է, սուլթանը, «պախանը», ինչպես կուզեք՝ անվանեք… Ադրբեջանում իշխանության պահպանման գլխավոր բարոյաքարոզչական գործոնը «Ղարաբաղը վերադարձնելն է»: Նույն գործոնն աշխատում է նաև իշխանության համար պայքարում:

Ադրբեջանում դեսպոտը կարող է մնալ իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ ապացուցում է, որ քայլեր է ձեռնարկում «Ղարաբաղը վերադարձնելու» ուղղությամբ: Այո՛, Ալիևն այս հարցում ունի հաջողություններ. նա սպառազինություն է կուտակել, զորահանդեսների ընթացքում ցուցադրել է բանակի հզորությունը, Եվրոպայի սրտում հայ սպային գլխատած մարդասպանին վերադարձրել է տուն և հերոսացրել՝ խթանելով հայի գլուխ կտրելը, ինչի արդյունքները մենք տեսանք նաև վերջերս: Նա փորձում է ապացուցել, որ «հաղթող է թե՛ ներսում, և թե՛ դրսում»: Նա ապացուցել է, որ կարող է պատերազմ սկսել ու գրոհել: Գող ու ավազա՞կ է, միլիարդնե՞ր է թաքցնում արտասահմանում, հավատացե՛ք, Ադրբեջանում դա խնդիր չէ, ավելին՝ հարգի է: Կարևորը ուժեղի, հարց լուծողի, հաղթողի կերպարն է:

Իլհամ Ալիևը շարունակելու է նույն ոգով: ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցելու է՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց իր ժողովրդին հրապարակավ ասելու է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմից դուրս չի լինելու, ոչ միայն Ղարաբաղն է Ադրբեջանին պատկանում, այլ նաև Զանգեզուրը, և որ Ադրբեջանը ցանկացած պահի խնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով: Ալիևն ապացուցել է, որ միջազգային հարաբերությունների վստահելի սուբյեկտ չէ:

Պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ալիևն այս ճանապարհն ընտրել: Իրականում, նա այլ ելք չունի: Նա հասկանում է, որ իշխանությունը կորցնելու դեպքում կորցնելու է ամեն բան, ընդհուպ մինչև իր ու ընտանիքի կյանքը (եթե չհասցնի ժամանակին Ադրբեջանից ճողոպրել): Նա տեսել է, թե ինչու՞ և ի՞նչ պայմաններում իշխանությունը կորցրեցին Ա. Մութալիբովն ու Ա. Էլչիբեյը, նա հասկանում է, որ հոր արձանները գետին են տապալվելու, իսկ իշխանությունն իրենից խլած նոր կլանը 1993-ից ի վեր Ադրբեջանի ողջ դժբախտությունը պայմանավորելու է ալիևների գործունեության հետ: Ադրբեջանը Հայաստան չէ, որտեղ նախկին նախագահների (անկախ գործող իշխանության հետ ունեցած հարաբերություններից) անձերը, ընտանիքներն ու ունեցվածքն անձեռնմխելի են: Ուստի և Ի.Ալիևն ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու համար, այլ կերպ ասած՝ Ղարաբաղից նա չի հրաժարվելու:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի լավագույն ժամանակներն անցյալում են: Պետությունը, որտեղ հարգի են գողությունն ու ավազակությունը, փողասիրությունը և կա անհատի պաշտամունքի նման մի բան, չի կարող կայուն լինել հետևյալ պատճառներով.

· Նավթի գինն այլևս երբեք 1 բարելի դիմաց 100 դոլար չի լինելու: Դրա հետևանքով սոցիալական դժգոհություններն ու իշխանության համար պայքարը սրվելու են:

· 1 բարելը 30-40 դոլարով վաճառող Ադրբեջանն այլևս չի ունենալու եվրատեսիլներ, օլիպիադաներ կազմակերպելու և թանկարժեք սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն:

· Ժամանակակից Թուրքիայի «ոսկե դարն» ավարտված է:

Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվել Ադրբեջանի հետ: Կ. Ֆոն Կլաուզևիցն ասում է. «եթե ցանկանում ես հաղթել, խփիր ուղիղ հակառակորդիդ սրտին»: Ադրբեջանի «աքիլեսյան գարշապարը» Իլհամ Ալիևի իշխանությունն է և հաղթողի կերպարը: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն Ալիևի իշխանությունը սասանելուն, Ադրբեջանի ներսում նրան հեղինակազրկելուն և իշխանության համար պայքարը սաստակցնելուն: Արտաքին աշխարհում պետք է հստակ աշխատել հետևյալ ուղղություններով.

1. Արևմտյան ուղղություն: Բոլոր հնարավոր ենթակառուցվածքներով և հարթակներով օգտագործել Արևմուտքի գլխավոր «զենքն» ընդդեմ Իլհամ Ալիևի՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ: Հայկական Սփյուռքի գլխավոր թիրախը դարձնել Իլհամ Ալիևի կերպարը: Այս ամենը պետք է մեկտեղել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հետ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին