▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում շարունակվում են արյունոտ մարտերը. Կան հարյուրավոր նոր զոհեր

ԱՄՆ-ը ու մի շարք այլ երկրներ հորդորում են Ռուսաստանին, Սիրիայի կառավարության նկատմամբ ազդեցության իր լծակները կիրառելով, դադարեցնել բռնությունները, որոնց արդյունքում միայն վերջին տասն օրերի ընթացքում ավելի քան 25Օ մարդ է զոհվել։

Սիրիայում ու հատկապես Հալեպ քաղաքում զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք են։ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին, Ժնեւում անցկացված հանդիպումների ժամանակ շարունակ նշում է, որ ներկայումս ամենակարեւոր խնդիրը Հալեպում արյունահեղությունը դադարեցնելն է։ Չնայած ՝՝Բժիշկներ առանց սահմանների՛՛ կազմակերպությանը պատկանող հիվանդանոցի ռմբահարման պատճառով սկսված միջազգային բողոքին, օդային գրոհներն այստեղ շարունակվում են։

Ինչպես քաղաքի բնակիչներն են ասում, այս հատվածներում մեծաթիվ կլինիկաներ, մանկական բուժկենտրոններ, ատամնաբուժարաններ ու դեղատներ են եղել։ Սակայն բոլորն էլ այսօր փլուզված են։

Հորդանանի իր պաշտոնակցի հետ կիրակի օրն անցկացրած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մեկ անգամ եւս հորդորեց Ռուսաստանին օգնել՝ վերականգնելու անդորրը։

՝՝Շատ վճռական ժամեր են այժմ, եւ մենք սպասում ենք Ռուսաստանի համագործակցությանը։ Հույս ունենք, որ Սիրիայի վարչակարգը կլսի Ռուսաստանի հորդորները եւ հաշվի կառնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խիստ հայտարարությունը՛՛։

Ասադի կառավարության պաշտոնատար անձինք հայտարարում են, թե իրենք թիրախ են ընտրում ալ-Նուսրայի ճակատի ահաբեկիչներին, քանի որ նրանք հրթիռներով ու ծանր հրետանիով ռմբահարում են կառավարության վերահսկողության ներքո գտնվող տարածքները։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հերքում են այս հայտարարությունը, այն անվանելով ՝՝ստահոդ՛՛։ Նրանց խոսքերով, կառավարական ուժերի կողմից գրոհները հիմնականում ուղղված են ընդդեմ չափավոր խմբավորումների, ինչը հրադադարի պայմանավորվածության խախտում է։

Կիրակի օրը հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, որը հորդորել է հակամարտության կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ինչը նրա խոսքերով, դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհն է։

Ժնեւում վերջին օրերին ընթացող հանդիպումները մեծապես տուժում են այն պատճառով, որ խաղաղության բանակցություններին չի մասնակցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին