▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել

Hayzinvor.am-ը գրում է.

Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի թխած տորթը դնում եմ սեղանին ու բարեխղճորեն բացատրում:

-Կարինեն ասաց` հատուկ Դավիթի, Արմանի, Էրիկի ու Նարեկի համար:

-Խաչիկին չենք տալո՞ւ,- Արմանը դեմքին զարմանք է նկարել:

-Համալրում ունենք,- գլխով ցույց է տալիս Նարեկը:

Ո՞նց չէի նկատել` թիվ 5 հիվանդասենյակի 5-րդ հիվանդին:

Արագ-արագ մոտենում եմ մահճակալին: Սիրուն, թխահեր տղա է, խաղաղ դեմքով ու ժպտուն, թևը վիրավոր է, ոտքերը վերմակի տակ են:

-Միայն թև՞դ է,- հարցնում եմ վախով, գլխով է անում:

-Ապրես` ասում եմ խանդավառված: Ես նստում եմ մահճակալի մոտ դրված աթոռին: Եվ մենք սկսում ենք զրուցել:

-7-8 ժամ գումարտակի վրա կրակում էին, անընդհատ կրակում էին, ու չէինք կարողանում թաքստոց մտնել:

-Հոգեբանորեն պատրա՞ստ էիք նման իրավիճակի,- հարցնում եմ Խաչիկին,- ի՞նչ էիք զգում, ի՞նչ էիք մտածում… վախենո՞ւմ էիք:

-Երբ հրամանատարն ասաց, որ դիրք ենք կորցրել, այ, էդ ժամանակ զգացինք:

-Ի՞նչ:

-Կատաղություն, ցավ, ամոթ… Իրար ասում էինք` պիտի դիրքերը ետ վերցնենք: Արագ զենք ստացանք ու դուրս եկանք մարտի: Հետո… ինչպես պատերազմական ֆիլմերում: Առաջին հարվածից հետո ցավ չզգացի, բայց երկրորդ ալիքն ինձ առավ ու շպրտեց: Ձեռքս անշարժ կախվել էր: Զինվորական վերնազգեստս հանեցի, ամուր կապեցի, որ չարնահոսեմ: Հետո պատսպարվեցի տներից մեկում: Մտածում էի` գոնե ամուսնացած լինեի…

Չի ժպտում, լուրջ-լուրջ նայում է:

-18 տարեկանո՞ւմ,- հարցնում եմ զարմացած:

-Հայ տղան պիտի շուտ ամուսնանա, գոնե իրենից հետո երկու տղա թողնի, նոր զոհվի:

-Հայ տղան պիտի չզոհվի առհասարակ,- իբր բան եմ ասում:

-Չզոհվելու հրաման չէր եղել,- կատակում է:

-…Ես չզոհվեցի: Հորս ասել էին, որ զոհվել եմ: Լուրը տարածվել էր: Հարազատ, բարեկամ հավաքվել էին: Ու մեկ էլ` հեռախոսազանգ: Զոհվածն է,- Խաչիկը ծիծաղում է, իսկ ես հազիվ եմ զսպում արցունքներս` ոնց կարելի է, որ այս տղան զոհված լիներ, այս հրաշալի տղան, այսքան ջահել, սիրուն, կյանքով լի…

-Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, երբ հայրս լսում է իմ ձայնը, երբ ասում եմ` պա՛պ, ես եմ, չեմ զոհվել:

-Պատկերացնում եմ: Երևի հորդ կյանքի ամենաերջանիկ պահն էր:

-Խաբեցի, ասացի` շատ լավ եմ, վիրավոր չեմ: Բայց հետո, երբ հոսպիտալում էի, իմացան ճշմարտությունը:

-Հեռախոսահամարս վերցրեք,- հրաժեշտ տալիս ասում է Խաչիկը,- ես հռչակավոր ատամնաբույժ եմ դառնալու, հեռախոսահամարս պետք կգա…

Եվ ժպտում է մտերմիկ, չարաճճի:

ԽԱՉԻԿԸ, ՀՐԱՅՐԸ, ՇԱՆԹԸ

Հրայր Խաչատրյանը պատմում է, իսկ ես մտածում եմ` ռեժիսոր լինեի, ֆիլմ նկարեի: Էնքան գունեղ է պատմում, ասես՝ կադր առ կադր պատկերում է աչքերիդ առաջ:

-Ամսի մեկի գիշերն սկսվեց: Տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին, 7-8 հոգի: Դասակի հրամանատարը զեկուցեց գումարտակի հրամանատարին: Գումարտակի հրամանատարը կրակելու հրաման տվեց: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել: Դիվերսանտ հատուկջոկատայինները անակնկալի եկան: Հաստատ մտքներին դրել էին աննկատ մոտենալ դիրքերին ու դիմավորողների չէին սպասում: Չեմ կարող ասել՝ մարտը ինչքան տևեց: Երբ ազերիներն սկսեցին փախչել, տեսանք, որ 3 դիակ են թողել մարտադաշտում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին